Հեռախոսահամար
սպտ 09, 2026 Նորություններ

Հայաստանի ազգային գրադարանում բացվեց նոր՝ «Աջակից ընթերցասրահ» Նոր ընթերցասրահը ստեղծվել է ամերիկահայ գրադարանավար Ծիածան (Ջիա) Այվազյանի https://surl.li/qwjqgs կտակի համաձայն՝ Հայաստանի ազգային գրադարանի ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունն ընդլայնելու, ինչպես նաև ընթերցողների համար ժամանակակից, հարմարավետ և նրանց կարիքներին համապատասխան միջավայր ձևավորելու նպատակով։ Ընթերցասրահը նախատեսված է մատչելի ձևաչափերի կարիք ունեցող ընթերցողների համար։ Ընթերցասրահի բացմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Ծիածան (Ջիա) Այվազյանի ընտանիքի անդամները, Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցներ, ընթերցողներ, գործընկերներ և հրավիրված հյուրեր։
Հյուրերին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։ Իր խոսքում նա անդրադարձավ ընթերցասրահի ստեղծման աշխատանքներին, նախաձեռնության կարևորությանն ու անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ «Աջակից ընթերցասրահը» գրադարանի ծառայությունների զարգացմանն ու արդիականացմանն ուղղված կարևոր նախաձեռնություն է։ Նա կարևորեց կատարված աշխատանքը՝ նշելով, որ նոր ընթերցասրահը ևս մեկ քայլ է ժամանակակից, մատչելի և ընթերցողակենտրոն գրադարանային միջավայր ձևավորելու ճանապարհին։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն իր խոսքում ընդգծեց Հայաստանի ազգային գրադարանում իրականացվող աշխատանքների կարևորությունը՝ ընդգծելով, որ միասնական աշխատանքով գրադարանը շարունակում է առաջ շարժվել՝ արձանագրելով նորանոր արդյունքներ և կյանքի կոչելով կարևոր նախաձեռնություններ։
Առանձնահատուկ և հուզիչ էր Ծիածան (Ջիա) Այվազյանի ընտանիքի մասնակցությունը։ Բացման արարողությանը ներկա էին նրա եղբայրը՝ Ադամ Այվազյանը, եղբոր կինը՝ Անի Այվազյանը, ինչպես նաև նրանց թոռները՝ Նեթան Գրիգոր Այվազյանը, Սևաննա Այվազյանը և ընտանիքի այլ անդամներ։ Անի Այվազյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Հայաստանի ազգային գրադարանին՝ Ծիածան Այվազյանի նվիրական երազանքն ու նպատակն իրականություն դարձնելու համար։ Ընտանիքի համար առանձնահատուկ խորհրդանշական էր նաև Սևաննա Այվազյանի ելույթը․ նա արտասանեց Ծիածան Այվազյանի հոր՝ Լևոն Այվազյանի՝ դստերը նվիրված բանաստեղծությունը՝ այս կարևոր օրվա մեջ միավորելով ընտանիքի հիշողությունը, սերը և տարիներ առաջ ձևավորված երազանքի իրականացումը։
«Աջակից ընթերցասրահը» համալրված է ձայնագրքերով, Բրայլյան գրատիպով և այլընտրանքային ձևաչափերով հրատարակություններով, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով և հարմարեցված սարքավորումներով։ Բացման օրը ընթերցողները հնարավորություն ունեցան ծանոթանալու նոր ընթերցասրահի հնարավորություններին, փորձարկելու տեխնիկական միջոցները և օգտվելու նոր ձևաչափերով ներկայացված գրականությունից։ Նոր ընթերցասրահի ստեղծումը ոչ միայն նոր տարածքի, նոր ընթերցասրահի բացում է, այլև գրադարանային ծառայությունների զարգացման կարևոր փուլ՝ ուղղված գրականության, տեղեկատվության և գիտելիքի հասանելիության նոր հնարավորությունների ստեղծմանը։
Հայաստանի ազգային գրադարանը հետևողականորեն շարունակում է ծառայությունների արդիականացման և զարգացման գործընթացը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ, ձևաչափեր և լուծումներ։ «Աջակից ընթերցասրահի» ստեղծումը ևս մեկ վկայությունն է այն աշխատանքի, որի նպատակն է գրադարանը դարձնել ավելի հասանելի, մատչելի և հարմարավետ՝ իր բոլոր օգտվողների համար։
