Հեռախոսահամար
օգս 27, 2024 Նորություններ
Ընթերցանությունը առօրյա սթրեսից խուսափելու միջոցներից մեկն է: Այս առիթով համաշխարհային դասականներից մեկը՝ Ռեմարկը, ասել է. «Երբեմն գրքերը օգնում են հաղթահարել ծանր պահերը»։ Երբևէ մտածե՞լ եք ինչի կվերածվեր մեր կյանքը, եթե հանկարծ գրքեր չլինեին: «Գիրքը հեքիաթային լապտեր է, որը մարդուն լույս է պարգևում կյանքի ամենահեռավոր ու մթին ճանապարհներին», ասել է լատվիացի գրող Անդրեյ Ուպիտը։ Իսկ այս մեկը ամերիկացի գրող Բիչեր Սթոուի խոսքերն են. «Գիրքը պատուհան է, որից նայում է հոգին»։
Ի՞նչ է ընթերցանությունը, ի՞նչ ենք ստանում գեղարվեստական, գիտական, մասնագիտական և այլ գրքեր ընթերցելիս։ Գրական ստեղծագործություններն ընդլայնում են մեր մտահորիզոնը, խթանում, ճկում, լուսավորում են մեր միտքը։ Ընթերցանությունն անձնական զարգացման և աճի հնարավորություն է ընձեռնում: Ընթերցանությունն օգնում է ավելի հանգիստ ընդունել մարտահրավերները և սովորեցնում խնդիրներն ավելի արդյունավետ հաղթահարել։ Հոգեբանները փաստում են, որ առողջության համար շատ օգտակար է լավ գիրք կարդալը։ Գիտականորեն ապացուցված է, որ կանոնավոր ընթերցանությունը նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության ռիսկը։ Սիրելի հետևորդներ. Հայաստանի ազգային գրադարանում դուք կարող եք գտնել ձեզ հոգեհարազատ գիրքը, որը կդառնա ձեր ամենաանկեղծ ընկերը, ամենաճշմարիտ ուղեկիցը։