ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Մետաքսեի 100-ամյակը նշվեց Հայաստանի ազգային գրադարանում

մյս 11, 2026 Միջոցառումներ

IMG-0387-1-1

Հայաստանի ազգային գրադարանում նշվեց անվանի հայ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ Մետաքսեի ծննդյան 100-ամյակը։ Հայաստանի ազգային գրադարանի փոքր ցուցասրահում բացվել էր Մետաքսեի գրականության, լուսանկարների և անձնական իրերի ցուցադրությունը, որը հնարավորություն տվեց ներկաներին վերարժևորելու բանաստեղծուհու ստեղծագործական ուղին և նրա թողած հարուստ մշակութային ժառանգությունը։ Ցուցադրությունը կազմակերպվել էր Հայաստանի ազգային գրադարանի Սպասարկման բաժնի Գիտական և ընթացիկ մամուլի ընթերցասրահի աշխատակիցների նախաձեռնությամբ։ Միջոցառման ընթացքում ներկաներին ողջունեց և ցուցադրությունը ներկայացրեց Գիտական և ընթացիկ մամուլի ընթերցասրահի վարիչ Արևիկ Զախարյանը՝ անդրադառնալով Մետաքսեի գրական ժառանգության կարևորությանը և նրա առանձնահատուկ տեղին հայ գրականության մեջ։

Բանաստեղծուհու դուստրը՝ բանաստեղծուհի Լիլիթ Աղագուլյանը, ջերմ հուշերով խոսեց մայրիկի մասին՝ ներկայացնելով ինչպես նրա մարդկային կերպարը, այնպես էլ ստեղծագործական աշխարհը։ Նա անդրադարձավ նաև հոբելյանական տարվա ընթացքում սպասվող նոր նախաձեռնություններին և նախատեսվող մեծ հանդիսությանը։ Գրականագետ Կարո Վարդանյանն իր խոսքում պատմեց Մետաքսեի հետ ունեցած բարեկամության մասին՝ հիշելով նրա մտերմությունը Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի, Գևորգ Էմինի և Վահագն Դավթյանի հետ։ Նրա հուշերը բացահայտեցին մի ժամանակաշրջան, որտեղ գրականությունը ոչ միայն ստեղծագործություն էր, այլև մարդկային խոր հարաբերությունների ու մտավոր ընկերակցության տարածք։

Մետաքսեի կյանքի և ստեղծագործության մասին խոսեց նաև Մետաքսեի կենսամատենագիտության կազմող, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Արմինե Հակոբյանը՝ ներկայացնելով նրա գրական ժառանգության ուսումնասիրման և պահպանման կարևորությունը։ Մետաքսեի ստեղծագործություններից ընթերցեց ՀՀ վաստակավոր արտիստ Մայրանուշ Գրիգորյանը։ Ելույթ ունեցավ նաև արձակագիր, արվեստաբան Սեյրանուհի Գեղամյանը և այլ մտավորականներ։ Ցուցադրությանը ներկայացված էին Մետաքսեի ստեղծագործությունները, նրա մասին մամուլի հոդվածներ, գրախոսություններ, լուսանկարներ, ինչպես նաև մի շարք անձնական իրեր՝ ակնոցը, պայուսակը, հովհարը, ամուսնու ժամացույցը, որը նրա մահից հետո կրել էր Մետաքսեն, և այլ հետաքրքիր նմուշներ, որոնք առանձնակի հետաքրքրությամբ դիտեցին այցելուները։