Հեռախոսահամար
ապր 18, 2026 Միջոցառումներ

Հայաստանի ազգային գրադարանում կայացավ հանրային դասախոսություն՝ նվիրված հայկական քարայրների, խաչքարերի և խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ եկեղեցիների ճարտարապետական ու մշակութաբանական առանձնահատկություններին։ Ճարտարապետության դոկտոր, քարանձավագետ, էկոլոգ Սամվել Շահինյանը ներկայացրեց թեմայի բազմաշերտ գիտական մեկնաբանությունները՝ ընդգծելով, որ քարայրները ոչ միայն բնական գոյացություններ են, այլև մարդկային գործունեության կարևոր պատմամշակութային վկայություններ։ Դրանք տարբեր ժամանակներում ծառայել են որպես բնակատեղի, պաշտամունքային և տնտեսական տարածքներ՝ արտացոլելով մարդու և միջավայրի փոխհարաբերության ձևավորումը։ Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց մարդածին քարայրներին՝ որպես էթնոսի մշակութային մտածողության և պատմական հիշողության կրողներ։
Դասախոսության հաջորդ հատվածում քննարկվեցին հայկական եկեղեցիների և խաչքարերի ճարտարապետական առանձնահատկությունները՝ ընդգծելով ավանդապաշտության, կառուցվածքային կայունության և խորքային համաչափությունների դերը, հատկապես խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ կառույցներում։ Նշվեց, որ այդ լուծումները հաճախ կապված են նաև տիեզերաբանական պատկերացումների և խորհրդանշական մտածողության հետ։
Անդրադարձ կատարվեց նաև ճարտարապետական մտածողության հիմնարար բաղադրիչներին՝ կոմպոզիցիային և տեկտոնիկային, որոնց համադրությունը ապահովում է ինչպես գեղագիտական ամբողջականություն, այնպես էլ կառուցվածքային կայունություն։ Եզրափակելով՝ ընդգծվեց հայկական քարայրների, եկեղեցիների և խաչքարերի ուսումնասիրության ու պահպանության կարևորությունը՝ որպես ազգային մշակութային ժառանգության հիմնարար մաս, որի արժևորումը նպաստում է պատմական հիշողության պահպանմանը և դրա փոխանցմանը հաջորդ սերունդներին։
