Հեռախոսահամար
հնս 03, 2025 Նորություններ Հայաստանյան տասնյակ
Մայիսյան տասնյակի կազմմանը մասնակցել է 17 գրադարան և գրադարանային համակարգ։ 18-րդ դարի ֆրանսիացի խոշորագույն գրող Աբբա Պրևոյի «Մանոն Լեսկո» հոգեբանական վեպով բացվող և 13-14-րդ դարերի հայ միջնադարյան տաղերգու Ֆրիկի անվամբ եզրափակվող միացյալ ցանկում 112 գրքի անվանում կա։ Շարունակվում է Ագաթա Քրիստիի հաղթարշավը, որի գրքերից 8-ը ընդգրկված են ցանկում։ Էրիխ Մարիա Ռեմարկը և Գոհար Նավասարդյանը ամենապահանջարկված գրքերի ցանկում 4-ական, Օնորե դը Բալզակը, Վարդգես Պետրոսյանը և Աշոտ Աղաբաբյանը 3-ական գրքով են ընդգրկված։
Ամենամսյա տասնյակներում բանաստեղծները և բանաստեղծական ժողովածուները հազվադեպ հյուրեր են։ Հայ դասականներից թոփ տասնյակներում եղել են Պարույր Սևակը, Չարենցը, Համո Սահյանը, ժամանակակիցներից՝ Հուսիկ Արան։ Այնպես որ, հաճելի անկակնկալ է մայիսյան ցուցակում երկու սփյուռքահայ գրողի գիրք տեսնել՝ Մուշեղ Իշխան «Լուսեղեն տրտմութիւն», Զահրատ «Բառ բառի քով», որոնք պահանջարկ են ունեցել երևանյան գրադարաններում։ Մարզային գրադարանների մայիսյան գրքային քարտեզին երկուական գրքով տեղ են զբաղեցրել Ռուբեն Եսայանը և Աշոտ Աղաբաբյանը, իսկ Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպը ամենապահանջարկվածն է եղել Շիրակի և Սյունիքի մարզային գրադարաններում։ Երևանյան ընթերցողը նախապատվությունը տվել է Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպին։
Մարզային և քաղաքային գրադարաններից ստացված տվյալների համաձայն մայիսին ամենից շատ պահանջարկ են ունեցել Նար-Դոսի, Ռուբեն Եսայանի, Ջոն Գրինի, Մուրացանի և Ջոջո Մոյեսի գրքերը։ Վիճակագրությունը հաստատում է, որ ժամանակակից ընթերցողները նախապատվությունը տալիս են ոչ ծավալուն, լարված սյուժե ունեցող վեպերին և վիպակներին։