Հեռախոսահամար
օգս 05, 2024 Նորություններ Հայաստանյան տասնյակ
Հայաստանի հանրային գրադարաններում ամենաշատ սպասարկված գեղարվեստական գրքերի ամենամսյա ցուցակներում անշարժ և շարժական մասեր կան։ Իրականում անշարժ մասի գրքերն ամենից հաճախ են շարժվում։ Դրանք մեր դասական հեղինակներն են, որոնց գործերն ընդգրկված են ուսումնական ծրագրերում, ուստի և ամենից շատ են սպասարկվում ընթերցողներին։
Ավելի ինտրիգային և անկանխատեսելին ցուցակի շարժական մասն է։ Ամենաշատ սպասարկված գրքերի ցուցակներում յուրաքանչյուր ամիս նոր անուններ, նոր հեղինակներ են հայտնվում, որոնց գրքերը ձեռնոց են նետում հայ և համաշխարհային դասական գրողներին։ Այդ հեղինակները երբեմն ասուպի պես շողարձակում և անցնում են գրականության երկնակամարով։ Որոշ գրքեր ավելի երկար են մնում գրադարանային տասնյակներում։ Կան նաև գրքեր, որոնք տևական լռությունից և գրադարանային գրապահոցներում մոռացության մատնվելուց հետո ընթերցողների կամքով նորից «վերակենդանանում» են։
Տարին բոլոր ընթերցողի բարձր պահանջարկ ունեն Րաֆֆու «Խենթը» և «Սամվելը», Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» վիպակը, Շիրվանզադեի «Քաոսը», Մահարու «Մանկություն» և «Պատանեկությունը», Նար Դոսի «Սպանված աղավնին» և պատմվածքները։ Արտասահմանյան հեղինակների ամենապահանջարկված գրքերից են Ջորջ Օրուելի «1984», Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր», Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը», Ժոզե Սարամագուի «Մահվան ընդհատումներ», Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը», Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին», Ալեքս Մայքլիդիսի, Ռեմարկի, Ագաթա Քրիստիի վեպերը։
Հանրապետության ամենապահանջարկված գեղարվեստական գրքերի տասնյակի կազմմանն այս ամիս մասնակցել են բոլոր 10 մարզային գրադարանները, Սպիտակի և Ստեփանավանի քաղաքային, Վեդիի համայնքային, ինչպես նաև Երևանի Իսահակյանի անվան քաղաքային և Աջափնյակի Շառլ Ազնավուրի անվան գրադարանները։