Հեռախոսահամար
ապր 23, 2024 Նորություններ
Հայաստանի ազգային գրադարան էին այցելել Ալբանիայի հայ համայնքում ազդեցիկ գործիչներ, եղբայրներ Վարուժան և Պերճ Փիրանյանները։ Նրանց հյուրընկալեցին Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը և գիտական գծով փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը։
Վարուժան Փիրանյանը 2016-ից Ալբանիայում ՀՀ պատվավոր հյուպատոսն է։ Հասարակական գործիչ, ճարտարագետ Պերճ (Վահրամ) Փիրանյանը հայագիտական ուսումնասիրությունների և բառարանների հեղինակ է։
Պերճ Փիրանյանն Ազգային գրադարանին նվիրեց իր կազմած հայերեն-ալբաներեն բառարանի օրինակներ, հնդեվրոպական լեզուներին և հայ-ալբանական առնչություններին նվիրված ստվարածավալ մի աշխատություն և Եղիշե Չարենցի՝ ալբաներեն թարգմանված բանաստեղծությունների նոր ժողովածուն, որի թարգմանիչը հենց ինքն է։ Մինչ այդ Փիրանյանն արդեն գրադարանին էր նվիրել Չարենցի պոեզիան երկու գրքով՝ ալբաներեն իր թարգմանությամբ։ Սփյուռքահայ գործչի նոր նվիրատվությունը եկավ լրացնելու անցյալ տարեվերջին Ազգային գրադարանին նրա նվիրած մեծաքանակ ու մեծարժեք հրատարակությունները։ Իրավատիրոջ թույլտվությամբ Պերճ Փիրանյանի հեղինակած և թարգմանած մի շարք գրքերի թվային օրինակները շուտով հասանելի կլինեն Ազգային գրադարանի «Հայ գիրք» շտեմարանում։