ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախոսություն | Մովսես Հերկելյան «Այվազովսկին և թուրքերը»

օգս 14, 2023 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ

IMG-0387-1-1
 

Մարտի 10-ին Ազգային գրադարանում կազմակերպվել էր հերթական հանրային դասախոսությունը «Այվազովսկին և թուրքերը» թեմայով: Օրվա բանախոսը ճանաչված լիբանանահայ մտավորական, հրատարակիչ և մշակութային գործիչ Մովսես Հերկելյանն էր: 
Պարոն Հերկելյանը ծնվել է 1949-ին Լիբանանի Այնճար գյուղաքաղաքում, որտեղ և ստացել է իր նախնական և միջնակարգ կրթությունը: 1970-ական թվականներին ներկայիս մագիստոսական կրթությանը համարժեք բուհական երկու մասնագիտություն ստացել Խորհրդային Հայաստանում, որտեղ նախ ուսանել է Երևանի պետական համալսարանում և ապա ավարտել նաև գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 
Վերադառնալով Լիբանան պարոն Հերկելյանը բեղուն գործունեություն է ծավալել կրթության և լրագրության ասպարեզներում: Եղել է արվեստի ուսուցիչ, թերթի աշխատակից և խմբագիր, մասնագիտացել արվեստագիտական ուսումնասիրությունների կազմման և հրատարակման ոլորտում: Նա հեղինակել և հրատարակել է ավելի քան 20 գիրք և ուսումնասիրություն նվիրված տարբեր արվեստագետների, այդ թվում՝ Սերգեյ Փարաջանովին, Արշիլ Գորկուն, Վահան Ռումելյանին և այլոց: Մ. Հերկելյանը թղթակցում է ինչպես հայաստանյան («Բագին», «Ազդակ», «Հասկ», «Հորիզոն», «Կամար», «Զարթօնք», «Արծիւ», «Գեղարդ», «Ասպարէզ», «Ալիք», «Արարատ», «ԹորոնթոՀայ»), այնպես էլ միջազգային մի շարք ճանաչված պարբերականների, այդ թվում՝ անգլերեն Fine Art Magazine (New York), անգլերեն-ֆրանսերեն Luxe-Immo (Monaco), L.I.ART բազմալեզու հանդեսին և այլ պարբերականների: Իբրև բեյրության ""Noah’s Ark Art Gallery” պատկերասրահի սեփականատեր, հայ կերպարվեստը ներկայացրել է ավելի քան 30 միջազգային փառատոններում: 
Իր բազմաթիվ փաստերով և մանրամասներով համեմված դասախոսության ընթացքում Մովսես Հերկելյանը ներկայացրեց Հովհաննես Այվազովսկու կյանքը և գործը, և մասնավորապես անդրադարձավ Այվազովսկու թուրքական առնչություններին, ներկայացրեց Պոլիսը և թուրքական թեման նրա նկարչության մեջ: Ռուս-ուկրաինական ավելի քան մեկամյա պատերազմով պայմանավորված վերջերս միջազգային մամուլում հաղորդագրություններ եղան Այվազովսկու ժառանգության պատկանելության մասին: Պարոն Հերկելյանը ներկայացրեց, որ չորս ազգեր վիճարկում են Այվազովսկու ստեղծագործության պատկանելությունը՝ ռուսները, թուրքերը, ուկրաինացիները և հայերը: Նա ներկայացրեց այդ հարցում թուրքական «հիմնավորումները», որոնց վերաբերյալ բուռն քննարկում ծավալվեց և միջոցառման մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին բանախոսին: 
Դասախոսության ավարտին պարոն Հերկելյանը իբրև նվեր շուրջ 40 արվեստագիտական հրատարակություն հանձեց գրադարանին, որը շնորհակալությամբ ընդունեց Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը: Միջոցառման սրահը լեցուն էր Այվազովսկու կտավների գույներով, հագեցած գեղարվեստի և հռչակավոր ծովանկարչի պատկերած ալիքների լույսով և ալեբախությամբ, որով գրադարանի հետ բարեկամության ևս մի ամուր կամուրջ կապվեց:

IMG-0389_1-1