Հեռախոսահամար
մրտ 23, 2026 Միջոցառումներ

Հանդիպում կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հետ Փետրվարի 11-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում տեղի ունեցավ գրադարանային աշխատողների հիշարժան հանդիպումը ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հետ։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ազգային գրադարանի և Հայաստանի կինոգործիչների միության կողմից՝ նպատակ ունենալով գրադարանային հանրությանը ներկայացնել նշանավոր կինոգործչի ստեղծագործական ուղին ու կինոաշխարհը։ Հանդիպմանը մասնակցում էին Երևանի Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական և համայնքային գրադարանների, ինչպես նաև մի շարք մարզային գրադարանների ներկայացուցիչներ։
Ցերեկույթը վարեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը, ով ներկայացրեց Հարություն Խաչատրյանի կինոնկարները՝ հատկապես ընդգծելով անցյալ տարվա հոկտեմբեր–նոյեմբերին Փարիզի Պոմպիդու կենտրոնում տեղի ունեցած 10 ֆիլմերի բացառիկ ցուցադրությունը։ Իր խոսքում Հարություն Խաչատրյանը կարևորեց նման հանդիպումները և ընդգծեց գրադարանների դերը հայ հանդիսատեսին հայկական կինոն ներկայացնելու գործում։ Հանդիպման մասնակից բոլոր գրադարանները նվեր ստացան ռեժիսորի 70-ամյակի առթիվ հրատարակված «Մարդը սպիտակ քաղաքից...» պատկերագիրքը, ինչպես նաև կինոյի մասին մասնագիտական գրականություն։ Ազգային գրադարանը մասնակիցներին նվիրեց նաև 2026 թ. օրացույցներ։
Միջոցառման ավարտին ցուցադրվեց Հարություն Խաչատրյանի «Սպիտակ քաղաքը» ֆիլմը։ Մասնակիցները կիսվեցին տպավորություններով, լուսանկարվեցին և պայմանավորվեցին զարգացնել ու խորացնել կինոգործիչների և գրադարանների համագործակցությունը։ #Գրադարան #Մշակույթ #ՀայկականԿինո #ՀարությունԽաչատրյան
