ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախոսություն | Հակոբ Հակոբյան-100

օգս 23, 2023 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ

350634875_932904587972111_9108867783589493328_n
 

Մայիսի 31-ին Հայաստանի ազգային գրադարանում պատկերագրքերի և այլ նյութերի ընդարձակ ցուցադրությամբ և բանախոսություններով նշվեց հայ ականավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի ծննդյան 100-ամյակը։ Նկարչի մասին նյութերն ընտրել և ցուցադրությունը պատրաստել էին գրադարանի արվեստի բաժնի աշխատակիցները։

350673870_6266189673426600_6370087897233262930_n
 

 Ցուցահանդեսի դիտումից հետո գրադարանի թամանյանական մեծ դահլիճում Հակոբ Հակոբյանի արվեստի երկրպագուների առջև ելույթ ունեցան և գնահատանքի խոսք ասացին գրադարանի արվեստի բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Հիշեյանը, գրականագետ, գրաքննադատ, արվեստաբան Երվանդ Տեր-Խաչատրյանը և գեղանկարիչ, արվեստաբան Հրազդան Թոքմաջյանը։ 

350756399_666495561982829_2169165867689046401_n
 

Ընդգծենք, որ թե՛ Տեր-Խաչատրյանը, թե՛ Թոքմաջյանն անձնապես ճանաչել են Հակոբ Հակոբյանին: Լուսինե Հիշեյանը նկարաշարով ներկայացրեց նկարչի կյանքի և ստեղծագործության ժամանակագրությունը։ Նա անդրադարձավ Հակոբ Հակոբյանի կյանքի եգիպտական, ֆրանսիական շրջաններին, Խորհրդային Հայաստան հայրենադարձությանը և հայ նկարչության մեջ ինքնուրույն ասելիքին։ Բանախոսը ելույթը եզրափակեց՝ հրապարակելով Ազգային գրադարան Հակոբ Հակոբյանի վերջին այցելության ժամանակ՝ 2013 թվականին արված լուսանկարը: 
Իր ընդարձակ խոսքում արվեստաբան Երվանդ Տեր-Խաչատրյանն ընդգծեց Հակոբ Հակոբյան ստեղծագործողին բնորոշ՝ Հայաստան աշխարհի իր պատկերները տեսնելու կարողությունը, գծի և իր նախընտրած զուսպ գույների անսպառ երանգները և այն նոր ասելիքը, որը հայ գեղանկարչության ասպարեզ բերեց Հակոբ Հակոբյանը։ Արվեստաբանը բարձր գնահատեց նաև Հակոբ Հակոբյանի գրավոր խոսքը՝ համեմատության եզրեր մատնանշելով հայ այն գեղանկարիչների հետ (Վարդգես Սուրենյանց, Եղիշե Թադևոսյան, Մարտիրոս Սարյան), որոնք նույնպես ոչ միայն վրձնի վարպետներ են եղել, այլև՝ գրավոր և գեղարվեստական խոսքի։ 

350629172_280144507779857_8691599516179931992_n

Գեղանկարիչ, արվեստաբան Հրազդան Թոքմաջյանը հետաքրքիր դրվագներ և մանրամասներ ներկայացրեց նկարչի մասին: Նա Հակոբ Հակոբյանի կյանքի Գյումրիում ապրած տարիներից մի փոքրիկ դրվագ կամրջեց տարիներ անց Սիրիայի Այնթափ գյուղաքաղաք կատարած իր այցելության հետ։ Ցերեկույթի վերջում ելույթ ունեցավ նկարչի դուստրը՝ Նորա Հակոբյանը, որը մեծաթիվ ներկաներին պատմեց հոր անսահման ընթերցասիրության մասին, թե որքան էր նա սիրում իր գրադարանը, որքան էր սիրում կարդալ՝ ընդգծելով, որ նկարիչն իր կյանքը չէր պատկերացնում առանց գրքերի։