Հեռախոսահամար
դկտ 06, 2023 Միջոցառումներ Ցուցահանդեսներ
Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ ցուցասրահում դեկտեմբերի 1-ին բացված գրքային ցուցահանդեսը նվիրված է հայ մեծ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, հայ պատմագիտության ականավոր ներկայացուցիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Հակոբ Մանանդյանի 150-ամյակին։
Ցուցահանդեսում ներկայացված է Մանանդյանի հսկայական գիտական ժառանգության ընտրանին՝ հայերեն, ռուսերեն և այլ լեզուներով ավելի քան 50 աշխատություններ՝ նվիրված հայոց հին և միջնադարյան պատմությանն ու բանասիրությանը, պատմական աշխարհագրությանը, չափագիտությանն ու մշակույթին։
Կարևոր է նշել, որ Հակոբ Մանանդյանի համար Ազգային գրադարանը եղել է մեծ գիտնականի բազմաթիվ գրքերի և ուսումնասիրությունների կարևոր հետազոտական շտեմարանը։ Ուստի պատահական չէ, որ գիտնականի մահից հետո նրա անձնական գրադարանն ընտանիքը նվիրել է այն ժամանակ Ալ. Մյասնիկյանի անվան պետական (ներկայում՝ Հայաստանի ազգային) գրադարանին, որն այսօր պահվում է նրա անունը կրող անհատական հավաքածուում:
Մանանդյանական գրքերի ցուցադրությունը գրադարանում կգործի ավելի քան երկու շաբաթ։ Ցուցադրված են նմուշներ Ազգային գրադարանի հարուստ գրաֆոնդից, Մանանդյան հավաքածուից, ինչպես նաև՝ ականավոր գիտնականին ընծայագրված գրքեր: Դրանք ցուցահանդեսի առիթով Ազգային գրադարանին է նվիրել Երևանի №32 գրադարանի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը, որը նույնպես ներկա էր հոբելյանական միջոցառմանը։