Հեռախոսահամար
նմբ 20, 2023 Միջոցառումներ Ցուցահանդեսներ
Նոյեմբերի 23-ին թամանյանական մասնաշենքի փոքր դահլիճում ազատ աթոռներ չկային։ Լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ գրական ցերեկույթ նվիրված ականավոր գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի 100-ամյակին։
Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, անդրադառնալով ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի կյանքին և գործունեությանը, մտերմիկ հուշեր պատմեց համատեղ աշխատանքից՝ ԵՊՀ հայագիտության կենտրոնում, «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսում, այնուհետև՝ դասախոսական գործունեության տարիներին։ Սամվել Մուրադյանը ներկայացրեց հանդեսի խմբագրի աշխատանքը խորհրդային գրաքննության պայմաններում, Թումանյանի, Չարենցի, Իսահակյանի և այլ գրողների ստեղծագործությունների տպագրության հետ կապված երբեմն անլուծելի վիճակները և դժվարությունները։
Գրականագետ, համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը ներկայացրեց ծագումով վանեցի Ջրբաշյանների գերդաստանի ընտանեկան ալբոմը, բնութագրեց Ջրբաշյանների գիտական ներդրումը Հայաստանի ժողովրդական տնտեսության բազմաթիվ ասպարեզներում։ Գրականագետի իր խոսքը նա մատուցեց Ջրբաշյանների տարբեր սերունդի ներկայացուցիչների լուսանկարների ուղեկցությամբ։
Գրական ցերեկույթի ավարտին ելույթ ունեցավ անվանի գրականագետի դուստրը՝ Աշխեն Ջրբաշյանը։ Նա շնորհակալական խոսք ասաց Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցներին, ընդգծելով, որ շատ բաներ բացահայտեց Էդվարդ Ջրբաշյանին նվիրված գրականության ցուցադրությունը դիտելով։