Հեռախոսահամար
մրտ 27, 2025 Նորություններ Գրական էջ
«Սիրելի նազելի Ռուզանին՝ լավագույն մաղթանքներով։ Ավետիք Իսահակյան»։ «Սիրելի շնորհալի Ռուզանին, բախտավոր լինեն, մի բարձի ծերանան, տեսնենք, ուրախանանք։ Ավետիք Իսահակյան»։
Մակագրությունները՝ Ավետիք Իսահակյանի ինքնագրերը, Հայաստանի ազգային գրադարանի նոր ձեռք բերած գրքերում են՝ Գրիգոր Սյունու «Հայ երգ-փունջ» նոտաների երկհատորում։ Իսահակյանը գրքերը մակագրել է 1944թ. մայիսի 21-ին՝ Երևանում։Ըստ մեր փոքրիկ հետազոտության՝ բանաստեղծն այս նոտաները նվիրել է դերասանուհի, ասմունքող Ռուզաննա Վարդանյանին։
Իսահակյանի երկերի 14-հատորյա լիակատար ժողովածուի 14-րդ հատորում զետեղված է բանաստեղծի ևս մի մակագրությունը դերասանուհուն. «Երազական ու սիրելի Ռուզանին. Մարդ այնքան մեծ է, որքան մեծ են նրա երազները։ Արվեստը երազի իրականացումն է։ Իրականությունը անցնող կյանքն է. արվեստն է հավերժականը ու ճշմարիտը։ Ավետ. Իսահակյան, 28.12.45, Երևան»։ Իսահակյանն այս տողերը գրել է իր լուսանկարի վրա և նվիրել դերասանուհուն՝ ժողովրդական արտիստուհու կոչում ստանալու առիթով։
Ռուզաննա Վարդանյանը բեմադրիչ, դերասան Վավիկ Վարդանյանի քույրն էր, գեղանկարիչ Խաչատուր Եսայանի կինը։ Մահացել է 1957-ին Սունդուկյանի անվան թատրոնի բեմում՝ Ավետիք Իսահակյանի «Բինգյոլ» բանաստեղծությունն արտասանելիս, երբ նշվում էր դերասանուհի Սիրանույշի ծննդյան 100-ամյակը։