Հեռախոսահամար
մրտ 28, 2025 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ
Հայաստանի ազգային գրադարանը երեկ սարոյանական տրամադրություն ուներ։ Գրադարանում հյուրընկալել էինք թարգմանիչ Արամ Օհանյանին։ Թարգմանիչը խոսեց Վիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամերը» թատերակի իր ռուսերեն թարգմանության և Սանկտ Պետերբուրգի եզակի իրերի թանգարանի «Մեկ թատերակի թանգարան» մատենաշարով հրատարակված համանուն գրքի մասին, ինչպես նաև Սարոյանի այս թատերակի ոդիսականին՝ աշխարհի տարբեր բեմերում թատերակի բեմադրություններին և շատ այլ փաստերի մասին։
Բավական է միայն նշել, որ Սարոյանի Պուլիցերյան մրցանակ բերած «Քո կյանքի ժամերը» աշխարհի տարբեր երկրներում բեմադրվել է ավելի քան 120 անգամ՝ Միացյալ Նահանգներում առաջին փորձնական բեմադրություններից մինչև 2025 թվականի ռուսական բեմադրությունը։ 2025 թվականին «Ռենոմե» (RENOME) հրատարակչության լույս ընծայած «Годы вашей жизни» գրքում, թատերակից բացի, զետեղված է նաև թարգմանչի հոդվածը՝ 1939 թվականին Բրոդվեյում տեղի ունեցած առաջնախաղի մասին, որտեղ ներկայացված են թատերակի հերոսների, նախատիպերի և դերասանների մասին հետաքրքիր փաստեր և, իհարկե, Պուլիցերյան մրցանակով պարգևատրման պատմությունը, որից Սարոյանը հրաժարվել է։
Գրքի առաջին էջին վրա տպված է Ուիլյամ Սարոյանի մատենանիշը։ Արամ Օհանյանը նշեց, որ երջանիկ պատահականությամբ իրեն բաժին է հասել նաև Սարոյանի մատենանիշը։ Գրքում տեղ են գտել նաև նյութեր թարգմանչի՝ թատերակի հեղինակին նվիրված անձնական հավաքածուից․ հազվագյուտ ամսագրեր ու թերթեր, ինքնագրեր, լուսանկարներ և այլն։ Նշենք, որ պարբերական մամուլի այդ հազվագյուտ հավաքածուի թվային տարբերակը շուտով կտեղադրվի ՀԱԳ էլեկտրոնային հավաքածուում։