Հեռախոսահամար
օգս 04, 2026 Նորություններ

Հայաստանի ազգային գրադարանը կարևորագույն քայլ է կատարել հայկական գրավոր մշակութային ժառանգության միջազգային տեսանելիության և մատչելիության ապահովման ուղղությամբ՝ միանալով WorldCat համաշխարհային համահավաք գրացուցակին։ search.worldcat.org
Այսօր Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակի ավելի քան 1 600 000 մատենագիտական նկարագրություն հասանելի է WorldCat հարթակում՝ հնարավորություն ընձեռելով աշխարհի միլիոնավոր հետազոտողներին, ուսանողներին, գրադարանավարներին և ընթերցողներին բացահայտելու Հայաստանի գրադարաններում պահպանվող հարուստ հավաքածուները։
Այս ձեռքբերումը տարիների հետևողական աշխատանքի արդյունք է։ Նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականի նոյեմբերին, երբ Հայաստանի ազգային գրադարանը սկսել է լայնածավալ աշխատանքներ՝ յուրաքանչյուր մատենագիտական գրառումը միջազգային գրադարանագիտական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Իրականացվել է գրառումների ստանդարտացում, հեղինակային և թեմատիկ վերահսկվող տվյալների բարելավում, միջազգային ձևաչափերին համապատասխանեցում և որակի ապահովում, ինչի շնորհիվ հայկական գրադարանային տվյալները լիարժեք ինտեգրվել են համաշխարհային գրադարանային տեղեկատվական միջավայրին։
WorldCat-ին միանալը բացառիկ նշանակություն ունի հայերենի թվային և կիբերտարածքային ներկայության տեսանկյունից։ Ավելի քան 1,6 միլիոն հայերեն և այլալեզու հայագիտական մատենագիտական գրառումների ընդգրկումը WorldCat-ում էապես մեծացնում է հայերենի ներկայությունը համացանցում ՝ ապահովելով, որ հայկական գրավոր ժառանգությունը հասանելի և որոնելի լինի աշխարհի խոշորագույն գրադարանային և ակադեմիական շտեմարաններում։
Նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի նաև Հայաստանում հրատարակված տպագիր արտադրանքի միջազգային տեսանելիության համար։ Գրքերը, պարբերականները, քարտեզները, նոտային հրատարակությունները, ատենախոսությունները և Հայաստանի հրատարակչական արտադրության մյուս տեսակները դառնում են միջազգային որոնման համակարգերի և գրադարանային ցանցերի մաս։ Սա հնարավորություն է տալիս աշխարհի գրադարաններին, համալսարաններին, գիտական կենտրոններին և հետազոտողներին բացահայտել և օգտագործել Հայաստանում հրատարակված նյութերը՝ նպաստելով դրանց միջազգային շրջանառությանը, գիտական մեջբերումներին և մշակութային ազդեցության ընդլայնմանը։
Առանձնահատուկ կարևորություն ունի նաև խորհրդային ժամանակաշրջանի տպագիր ժառանգության ներկայացվածությունը։ Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներում պահպանվող այդ շրջանի գրքերը, պարբերականները և այլ հրատարակությունները տարածաշրջանի պատմության, գիտության, կրթության և մշակույթի կարևոր սկզբնաղբյուրներ են։ Դրանց միջազգային մատչելիությունը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր երկրների գիտնականներին առավել ամբողջական ուսումնասիրել խորհրդային շրջանի գիտակրթական և պատմամշակութային զարգացումները և Հայաստանի ներդրումը դրանցում։
WorldCat-ին անդամակցությունը Հայաստանի համար ունի նաև լայն ռազմավարական նշանակություն։
Այն նպաստում է՝
• Հայաստանի մշակութային և գիտական ժառանգության միջազգային ճանաչելիության բարձրացմանը,
• հայագիտական ուսումնասիրությունների զարգացմանը և նոր միջազգային հետազոտությունների խթանմանը,
• Հայաստանի հրատարակչական արտադրանքի համաշխարհային տեսանելիության և օգտագործման ընդլայնմանը,
• հայերենի թվային ներկայության և լեզվական կենսունակության ամրապնդմանը համաշխարհային կիբերտարածքում,
• միջազգային գրադարանային և գիտական համագործակցության խորացմանը,
• միջգրադարանային փոխանակման և տեղեկատվական ծառայությունների զարգացմանը,
• Հայաստանի մշակութային դիվանագիտության ամրապնդմանը՝ ներկայացնելով երկիրը որպես հարուստ գրավոր ժառանգություն ունեցող և միջազգային տեղեկատվական ենթակառուցվածքներին ինտեգրված պետություն։
Այս նախաձեռնությունը կարևոր ներդրում է նաև Հայաստանի գիտելիքային տնտեսության զարգացման գործում։ Երբ երկրում հրատարակված մտավոր արտադրանքը դառնում է համաշխարհային տեղեկատվական համակարգերի մաս, այն մեծացնում է Հայաստանի գիտական, կրթական և մշակութային ազդեցությունը, խթանում է միջազգային համագործակցությունը և նպաստում ազգային մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը։
Սա առաջին քայլն է։ Հայաստանի ազգային գրադարանը շարունակելու է ընդլայնել WorldCat-ում ներկայացված տվյալների ծավալն ու որակը՝ ապահովելով, որ Հայաստանի գրավոր ժառանգությունը, հայերենը և Հայաստանում հրատարակված մտավոր արտադրանքը լինեն առավել տեսանելի, հասանելի և կիրառելի համաշխարհային գիտական, կրթական և մշակութային համայնքի համար։
WorldCat-ը որոնվում է Google-ի և այլ միջազգային որոնողական համակարգերի կողմից, ինչը նշանակում է, որ Հայաստանի հրատարակությունները ոչ միայն հասանելի են գրադարանային մասնագետներին, այլև ավելի հեշտ են հայտնաբերվում համաշխարհային վեբ միջավայրում։ Սա լրացուցիչ ընդգծում է նախաձեռնության ազդեցությունը Հայաստանի թվային ներկայության և մշակութային դիվանագիտության վրա։
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը այս նախաձեռնությանը աջակցելու համար։
