Հեռախոսահամար
հկտ 21, 2026 Նորություններ
Թվային փոխակերպումները դարձել են ժամանակակից գրադարանների զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը՝ նոր հնարավորություններ ստեղծելով տեղեկատվական ռեսուրսների կառավարման, գիտական ու մշակութային ժառանգության պահպանման և գիտելիքի հասանելիության ընդլայնման համար։ Օրերս Հայաստանի ազգային գրադարան է այցելել Ռուսաստանի պետական հանրային գիտատեխնիկական գրադարանի միջազգային գիտակրթական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար, գլխավոր գիտաշխատող, քաղաքական գիտությունների դոկտոր, դոցենտ Տատյանա Ռաստիմեշինան։ Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ Հայաստանի ազգային գրադարանում իրականացվող թվային փոխակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, գիտատեխնիկական գրականության մշակման չափանիշներին և մասնագիտական կրթության կազմակերպման առանձնահատկություններին, ինչպես նաև փոխանակվել մասնագիտական փորձով։
Հանդիպման ընթացքում Տատյանա Ռաստիմեշինան զրուցել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի հետ, շրջել գրադարանում և ծանոթացել տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին։ Հյուրն այցելել է նաև Գրատպության թանգարան, որտեղ ծանոթացել է հայկական տպագրության պատմությանը, հայ գրքի հարուստ ժառանգությանն ու գրադարանում պահպանվող արժեքավոր հրատարակություններին։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանի ազգային գրադարանի թվային ծառայություններն ու տեղեկատվական ռեսուրսները, մասնավորապես՝ ազգային տպագիր ժառանգության թվայնացման, էլեկտրոնային շտեմարանների և Հայաստանի գրադարանների համահավաք էլեկտրոնային գրացուցակի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև WorldCat միջազգային համահավաք գրացուցակի հետ համագործակցության փորձին։
