Հեռախոսահամար
հնվ 26, 2026 Նորություններ Ցուցահանդեսներ
1992 թ. հունվարի 28-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ստեղծվեց ՀՀ պաշտպանության նախարարությունը, որի ենթակայությանը հանձնվեցին երկրում եղած ուժային կառույցներից որոշակի ստորաբաժանումներ` մասնավորապես, ներքին գործերի նախարարության պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և ՀՀ զինվորական կոմիսարիատը: Եթե չլիներ ժամանակին կատարված հավաքագրման, ճշտման աշխատանքները, կադրերի պատրաստությունը և կամավորական ջոկատների կազմակերպումը, ապա չէր ստացվի կյանքի կոչել այդ համազգային նշանակության ռազմավարական նախագիծը: Հայոց բանակի ստեղծումն ու պատմությունն անքակտելիորեն կապված են հայոց պետականության ստեղծման պատմական իրողության հետ, քանզի պետություն և բանակ հասկացությունները միմյանց պայմանավորող են, և դժվար է պատկերացնել մեկն առանց մյուսի: Ե´վ մեկի, և´ մյուսի համար ամեն ինչի սկիզբը եղավ 1988թ. փետրվարը` սկիզբը Ղարաբաղի համար պայքարի, պետականության վերականգնման ու Ազգային բանակի ստեղծման: Հայոց բանակն իր կայացման ճանապարհին (ինչպեսև հայոց պետականությունն ինքը) անցավ մի քանի դժվարին ու առանցքային փուլ: Առաջին. 1988-ի փետրվար-1992 թվականի մայիս, երբ ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ: Երկրորդ. 1992 թվականի հունիս-1994 թվականի մայիս, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հանրապետության հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև Ազգային բանակի ստեղծմանը: Երրորդ. 1994 թվականի հունիսից մինչ օրս: Այս փուլը, կարելի է անվանել բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, ինչպես նաև բանակ-հասարակություն հարաբերություններում առկա անջրպետի տարեցտարի վերացման փուլ, երբ հաստատված հրադադարից հետո երկրի իշխանություններն ու բանակի ղեկավարությունը հնարավորություն ստացան արդեն խաղաղ պայմաններում ջանքերը կենտրոնացնել բանակի, որպես ռազմապաշտպանական համակարգի, վերջնական ձևավորման, բոլոր անհրաժեշտ ստորաբաժանումներն ստեղծելու ու գործադրելու ուղղությամբ
1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը, նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում: Նույն տարվա սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր: 1991թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե: Նմանատիպ կառույց արդեն գործում էր Լեռնային Ղարաբաղում: Սրանով զգալիորեն հեշտացվեց բարդագույն պայմաններում Հայաստանի, Արցախի և Շահումյանի պաշտպանական գործողությունների համակարգման խնդիրը` միաժամանակ դառնալով այն հիմքը, որի վրա քիչ ավելի ուշ պետք է ստեղծվեր Պաշտպանության նախարարությունը: 1991թ. դեկտեմբերի 5-ին, Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով առաջին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը: Քիչ ավելի ուշ հիմնվեց Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը` Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները: 1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին: Այս պահից սկիզբ է առնում մեր բանակի պատմության երկրորդ փուլը: Մի փուլ, որի խնդիրներն, իրենց բարդությամբ չզիջելով նախորդին, բնույթով այլ էին: 1992թ-ին Հանրապետության ղեկավարությունը, ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդունեց Հայաստանի, առաջին հերթին` նրա Զինված ուժերի համար չափազանց կարևոր և հեռատես որոշում. մենք բռնեցինք ո´չ թե Խորհրդային զորքի սպառազինության բռնի գրավման, այլ` այդ սպառազինության Հայասատանի չափաբաժնի կանոնավոր, պայմանագրային հիմունքներով ստացման ուղին: Դրա շնորհիվ էր, որ թեև ռազմական տեխնիկան քանակապես քիչ էր` համեմատ նրան, ինչը կարող էր ստացվել բռնագրավման պարագայում, սակայն այն սարքին վիճակում էր և անցավ ո´չ թե անհատներին կամ առանձին ջոկատներին, այլ` պետությանը: Դրա շնորհիվ էր, որ ռուսական զորքի մի մասը մնաց Հայաստանում` հետագայում վերաճելով ռազմական բազայի և դառնալով Հայաստանի անվտանգության կարևոր բաղկացուցիչ մասը: Բանակն այս տարիներին, եթե կարելի է այսպես ասել, ապրում էր երկու կյանքով: Մի կողմից ինտենսիվորեն ընթանում էր բանակային կառուցվածքի ձևավորում, նրա իրավական ամրագրում, իսկ մյուս կողմից` նորաստեղծ բանակային կազմավորումները փաստացի պատերազմի մեջ էին հարևանի հետ:
«Ամեն ինչ ռազմաճակատի համար» տրամաբանությանը զուգահեռ փորձ էր արվում հնարավորինս պաշարներ ուղղել կառուցվածքային խնդիրների լուծմանը: Զենք-զինամթերքի, վառելիքի, պարենի ու հագուկապի խնդիրներին զուգահեռ, նորաստեղծ նախարարության առջև ծառացել էր ոչ պակաս կարևոր ևս մեկ խնդիր` զինված ուժերի համալրումը կրտսեր, ավագ և բարձրագույն սպայական կազմով և մասնագետ կադրերով: Պաշտպանության նախարարությունը հսկայական աշխատանք ծավալեց` նախկին խորհրդային բանակում ծառայող սպաներին հայկական զինված ուժերում ընդգրկելու և դրանով իսկ, թեկուզ ժամանակավորապես, այս խնդիրը մեղմելու ուղղությամբ: Ի պատիվ մեր ժողովրդի, բազմաթիվ հայազգի սպաներ արձագանքեցին ՊՆ կոչին, թողեցին իրենց խաղաղ-անվտանգ բնակավայրերը, եկան և լծվեցին բանակաշինության, հայրենիքի անվտանգության ապահովման սուրբ գործին: Դրանց թվում էին Գուրգեն Դալիբալթայանը, Միքայել Հարությունյանը, գեներալ-լեյտենանտներ Նորատ Տեր-Գրիգորյանցը, Հրաչ Անդրեասյանը, Քրիստափոր Իվանյանը, Մկրտիչ Աբրահամյանը, Յուրի Խաչատուրովը, Միքայել Գրիգորյանը, գեներալ-մայորներ Արկադի Տեր-Թադևոսյանը, Արտուշ Հարությունյանը, Մուրազ Սարգսյանը, Լեոնիդ Մարտիրոսովը, Վլադիմիր Հայրապետյանը,Մարտին Կարապետյանը, Տիգրան Գասպարյանը, Ալիկ Միրզաբեկյանը և շատ ուրիշներ:
