Call us

Հայկական Ազգային Բանակ (1918–1920)

Jan 26, 2026 News Exhibitions

IMG-0387-1-1

 

Հայկական Ազգային Բանակ (1918–1920) Հայկական ազգային բանակը ստեղծվել է Հայաստանի առաջին Հանրապետության օրոք՝ 1918 թվականին, Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո։ Գոյատևել է մինչև հանրապետության խորհրդայնացումը՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը։ Կազմավորման պատմություն 1917 թվականի դեկտեմբերի 13-ին Կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի 136-րդ հրամանով թույլատրվեց ստեղծել հայկական կորպուս, որը հետագայում դարձավ Հայկական ազգային բանակի կորիզը։ Ռուսական զորքերի հեռանալուց հետո կորպուսը կազմավորվեց ռուսական բանակի հայկական գնդերի և հայդուկային ջոկատների հիման վրա՝ ժառանգելով ռուսական բանակի կառուցվածքային սկզբունքները, սպառազինությունն ու զինվորական կարգապահական համակարգը։ Բանակի սպայական կազմի գերակշիռ մասը ավարտել էր ռուսական զինվորական ուսումնական հաստատություններ և մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին։ Բարձրագույն հրամանատարական կազմում կային նաև ֆիդայական շարժման փորձառու խմբապետներ։ Կանոնավոր զորամասերի հետ մեկտեղ գործում էին աշխարհազորային ջոկատներ։ «Հայկական բանակը կազմված է ռուսական սիստեմով և կառավարվում է ռուսական զինվորական կարգերով։ Կարգապահությունը բանակի մեջ բավարար է, գիտակցությունն ու կազմակերպվածությունը՝ բարձր»։ — «Համառոտ տեղեկություններ Հայաստանի Հանրապետության մասին» տեղեկագիր Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը 1918 թվականին օրհնել է կամավորներին՝ ընդգծելով բանակի ազգային և պետական նշանակությունը։ Հայկական կորպուսի կազմը Հայկական բանակային կորպուսը ներառում էր. երկու հրաձգային դիվիզիա՝ յուրաքանչյուրը 4 հրաձգային գնդով, հրաձգային-հրետանային բրիգադ, առանձին հեծելազորային բրիգադ (2 գունդ), բերդապահ-հետևակային բրիգադ (5 գունդ), պահեստազորային բրիգադ, առանձին մասնագիտական ստորաբաժանումներ։ Բանակի կազմում գործում էին նաև կամավորական խմբավորումներ՝ Անդրանիկի զորամասը, պանդուխտ մշեցիների խումբը, սասունցիների ջոկատները և այլք։ Թվաքանակը 1918 թ. մարտ – շուրջ 20 000 զինծառայող, այդ թվում՝ մոտ 800 սպա։ 1918 թ. ամառ – վերակազմավորում մեկ հետևակային դիվիզիայի (հրամանատար՝ գեներալ Մովսես Սիլիկյան), մոտ 16 000 զինվոր։ 1919 թ. վերջ – ավելի քան 30 000 զինծառայող։ 1920 թ. աշուն – թուրք-հայկական պատերազմի ընթացքում՝ շուրջ 40 000 զինվոր։ 1918 թվականի մարտի 31-ի դրությամբ կորպուսն ուներ 37 գումարտակ, 170 գնդացիր, 36 հրանոթ և շուրջ 17 000 զինվորական կազմ։

Սպառազինություն Սառը զենք Հայկական բանակում կիրառվում էին ռուսական և կովկասյան արտադրության թրասուսերներ ու դաշույններ, այդ թվում՝ 1881, 1904 և 1913 թթ. նմուշների զինատեսակներ, ինչպես նաև «Բեբուտ» դաշույնը։ Կարճափող հրազեն «Նագան» (1895 թ.) «Սմիտ-Վեսսոն» (1871 թ.) «Մաուզեր» C96 (1896, 1908 թթ.) Երկարափող հրազեն Հիմնական հրացանը ռուսական Մոսին-Նագան երեքգծանի հրացանն էր (7,62 մմ)։ Սահմանափակ քանակությամբ կային նաև գերմանական, ֆրանսիական և կանադական («Ross») հրացաններ։ Գնդացիրներ Բանակում կիրառվում էին. «Մաքսիմ» «Վիկկերս» «Լյուիս» «Կոլտ Բրաունինգ M1895» Գնդացիրների քանակը սահմանափակ էր, իսկ տարբեր տրամաչափերի փամփուշտների մատակարարումը՝ լուրջ խնդիր։ Հրետանի 1919 թվականի վերջին հայկական բանակը ուներ շուրջ 130–140 հրանոթ, ներառյալ Կարսի բերդի հրետանին և զրահագնացքներում տեղադրված հրանոթները։ Հիմնականում կիրառվում էին. 76,2 մմ թեթև հրանոթներ, 122 մմ հաուբիցներ, լեռնային հրանոթներ («Danglise-Schneider», 1909 թ.)։ 1920 թվականին հրանոթների ընդհանուր քանակը հազիվ հասնում էր 70–100-ի։

Զրահագնացքներ Հայկական բանակն ուներ մի քանի զրահագնացք, որոնք կիրառվում էին ռազմավարական օբյեկտների պաշտպանության, երկաթուղիների վերահսկման և կրակային աջակցության նպատակով։ Դրանք զինված էին թեթև հրանոթներով և գնդացիրներով։ Օժանդակ զորքեր Օդուժ Հայկական օդուժի հիմքը դրվեց 1918 թվականի օգոստոսի 15-ին։ Սկզբնական շրջանում ավիաջոկատը ուներ ընդամենը մի քանի ինքնաթիռ («Nieuport», «Morane-Saulnier», «Voisin») և բախվում էր տեխնիկական լուրջ խնդիրների։ 1919 թվականի վերջում վերակազմավորվեց ավիաջոկատը, ձեռք բերվեցին նաև ֆրանսիական «Salmson 2A2» ինքնաթիռներ։ Առաջին հայ օդաչուներից էին Ռուբեն Բաբայանը և Նիկոլայ Խորոզովը։ Ռադիոբաժանմունք 1918 թվականին ստեղծվեց ռադիոհեռագրական բաժանմունք, որը 1919-ին վերափոխվեց ռադիոդիվիզիոնի՝ ապահովելով բանակի կապը և հեռագրական ծառայությունը։ Նավատորմիղ 1919 թվականի մայիսին կազմավորվեց Սևանա լճի նավատորմիղը՝ Սերգեյ Թումանյանի հրամանատարությամբ։ Այն ներառում էր «Աշոտ Երկաթ» ռազմաբեռնատար նավը և մի քանի այլ թիանավեր։ Մատակարարում Բանակի մատակարարումը սկզբնական շրջանում իրականացվում էր ծայրահեղ դժվար պայմաններում։ Ռուսական պահեստների կորուստը, հաղորդակցության սահմանափակումները և արտաքին խոչընդոտները լրջորեն ազդում էին զինամթերքի և հանդերձանքի ապահովման վրա։ 1919 թվականից սկսած՝ տեղական արհեստանոցներում սկսվեց ռազմական հանդերձանքի, փամփուշտների և պայթուցիկ նյութերի արտադրություն, ինչը մասամբ մեղմեց մատակարարման ճգնաժամը։ Հայկական ազգային բանակը, չնայած սահմանափակ միջոցներին և ծանր ռազմաքաղաքական պայմաններին, դարձավ Հայաստանի առաջին Հանրապետության պետականության և անվտանգության հիմնասյուներից մեկը։