Call us
Apr 07, 2026 News

Ապրիլի 13-20-ը հայաստանյան գրադարանների տարվա գլխավոր միջոցառումը՝ Ազգային գրադարանային շաբաթը կանցկացվի «Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում» կարգախոսով: Շաբաթվան ընդառաջ Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ Գրադարանային միությունների և հաստատությունների միջազգային դաշնության (ԻՖԼԱ) կայքում հայերեն թարգմանությամբ հրապարակվել է ԻՖԼԱ-ՅՈՒՆԵՍԿՕ դպրոցական գրադարանի 2025 թվականի հռչակագիրը:
«Արագ զարգացող տեղեկատվական դաշտում, որտեղ տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ ի հայտ են գալիս նոր հնարավորություններ ու մարտահրավերներ, դպրոցական գրադարանի դերը՝ որպես համաշխարհային քաղաքացիական դիրքորոշման, գրագիտության, քննադատական մտածողության, ստեղծագործականության ու ներառական և արդար կրթության հենարան, առավել կարևոր է, քան երբևէ», նշվում է հռչակագրի տեսլականում:
ԻՖԼԱ-ի «Աշխարհի գրադարանային քարտեզ» (Library Map of the World) բաժնում թարմացվել է Հայաստանի ազգային, ակադեմիական և համայնքային գրադարանների 2025 թվականի վիճակագրությունը. Շուտով կլրացվի և կթարմացվի նաև ՀՀ-ում գրադարանային գործի զարգացման համար պատասխանատու մարմինների, գրադարանային օրենսդրության, գրադարանային և գրքային ոլորտի այլ կազմակերպությունների մասին տեղեկատվությունը: Հռչակագրին կարող եք ծանոթանալ ԻՖԼԱ-ի շտեմարանում (IFLA Repository) կամ դպրոցական գրադարանների հանձնաժողովի էջում՝ https://www.ifla.org/resources/?_sfm_unitid=105110&_sfm_resource_type=All
