ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի գրքային քարտեզ | դեկտեմբեր

մրտ 13, 2024 Նորություններ Հայաստանյան տասնյակ

dec2023
 

Ո՞րն է Հայաստանի հանրային և համայնքային գրադարանների ամենաշատ պահանջարկված գրքերի տասնյակի ամենաբնորոշ հատկանիշը: Թերևս այն, որ տասնյակը կազմվել է ընթերցողների ազատ կամարտահայտությամբ: Այս տասնյակում բացակայում է գրադարանների վրա կրթական համակարգի անմիջական ազդեցությունը: Բացառությամբ Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» դրամայի և Գյոթեի «Ֆաուստի» մնացած ութ գրքերը գրադարանից օգտվողներն ընտրել են իրենց ազատ ժամանակն ընթերցանությամբ լցնելու և ոչ թե քննություն հանձնելու, շարադրություն գրելու, առաջիկա դասին կամ սեմինարին նախապատրաստվելու համար: Գրադարանային հավաքածուների շրջանառության մեջ իրենց անփոխարինելի տեղն ունեն հայ դասական գրողները:

Հովհաննես Թումանյանի երկերը, Րաֆֆու վեպերը, Շիրվանզադեի «Քաոսը», Նար-Դոսի «Մեր թաղը» և «Սպանված աղավնին», Զոհրապի նովելները, Դերենիկ Դեմիրճյանի և Ակսել Բակունցի պատմվածքները, Ստեփան Զորյանի «Մի կյանքի պատմությունը», Վահան Թոթովենցի «Կյանքը հին Հռոմեական ճանապարհի վրա» և բազմաթիվ այլ հեղինակներ և ստեղծագործություններ գրադարակների վրա գրեթե չեն մնում:

2023-ին Հայաստանի գրադարաններում ամենաշատ սպասարկված արտասահմանյան հեղինակը դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստին է: Նրա վեպերը և վիպակները գրեթե միշտ եղել են հարցման մասնակից գրադարանների տասնյակներում: Վերջին տարիներին Ագաթա Քրիստիի մեզանում տպագրված ավելի քան քսան գրքերից «Սպանություն «Արևելյան ճեպընթացում» և «Դիակը գրադարանում» վեպերը ամենապահանջարկվածն են: 2023-ին օտարագիր հեղինակներից հայ ընթերցողները նախապատվությունը տվել են աֆղանական ծագումով ամերիկացի գրող Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը», կանադացի գրող Ալեքս Մայքլիդիս «Լռակյաց հիվանդը», անգլիացի գրող Ջոջո Մոյեսի «Ես մինչ քեզ», գերմանացի գրող Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» և երիտասարդության սիրած գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» ամենապահանջարկված վեպերն են:

«Ամեն անգամ, երբ կարդացող մարդ եմ տեսնում, լցվում եմ լավատեսությամբ», ասում է ժամանակակից սիրված հեղինակ Հովիկ Աֆյանը: Աֆյանի գրքերը հաճախակի են հանդիպում գրադարանային թոփ տասնյակներում: ժամանակակից հեղինակների գործերի նկատմամբ ընթերցողական պահանջարկի ուսումնասիրությունը գրադարանային տասնյակների կազմման կարևոր նպատակներից է: Ուրախալի է դասական հեղինակների կողքին նոր անուններ տեսնել, որոնց գրքերն իրենց կայուն ընթերցողական շրջանակն ունեն: Դեկտեմբերյան տասնյակում հայ արձակի մերօրյա ճանաչված վարպետ Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը» վեպն է: «Մենակը», «Գաղտնիքների տիրակալը», «Սև հովազ» և այլ վեպերի հեղինակ Աշոտ Աղաբաբյան այս անգամ ամենապահանջարկված գրքերի տասնյակում է իր «Թակարդ» վեպով: Տարեսկզբից գրքերի տասնյակներում մշտապես ներկա են ժամանակակից հեղինակներ Գոհար Նավասարդյանը և Սյունե Սևադան, որոնք հայտնի են իրենց վեպերի էկրանավորումներով:

Մտահոգիչ է, որ գրադարանային տասնյակներում գրեթե չեն ընդգրկվում դասական և ժամանակակից բանաստեղծների գրքերը: Պատճառը թերևս այն է, որ համացանցում կարելի է հեշտությամբ ցանկացած բանաստեղծություն գտնել: Թե՞ ուղղակի ժամանակներն են ոչ բանաստեղծական: