Հեռախոսահամար
հկտ 07, 2026 Միջոցառումներ

Ավանդույթի համաձայն՝ գրադարանավարի օրվա առթիվ, Հայաստանի ազգային գրադարանի մի շարք աշխատակիցներ բարեխիղճ աշխատանքի, մասնագիտական նվիրումի համար արժանացան պատվոգրերի։ Գրադարանավարներին ողջունեց և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։ Նա շնորհակալություն հայտնեց գրադարանի աշխատակիցներին ամենօրյա պատասխանատու աշխատանքի և մասնագիտական նվիրումի համար՝ ընդգծելով, որ Ազգային գրադարանի գործունեության հիմքում առաջին հերթին մարդիկ են՝ իրենց գիտելիքով, փորձով և աշխատանքի հանդեպ պատասխանատվությամբ։ Տնօրենը կարևորեց յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը գրադարանի ընդհանուր աշխատանքի և զարգացման գործում՝ նշելով, որ գրադարանավարի մասնագիտությունը պահանջում է ոչ միայն մասնագիտական պատրաստվածություն, այլև սեր գրքի, ընթերցողի և այն արժեքների հանդեպ, որոնց պահպանման ու փոխանցման պատասխանատվությունը կրում է գրադարանը։
Գրադարանային գործի կարևորության և նվիրյալների մասին խոսեց նաև Ներսես Հայրապետյանը՝ կարևորելով այն մասնագետների ներդրումը, որոնց տարիների հետևողական աշխատանքով պահպանվում, մշակվում և հանրությանը հասանելի է դառնում գրադարանի հարուստ ժառանգությունը։ Գրադարանավարի օրվա առթիվ պատվոգրերի արժանացան՝ Անձեռնմխելի գրականության բաժնի առաջին կարգի գրադարանավար Լուսինե Բալայանը, Գլխավոր գրապահոցի Հայկական գրականության ենթաբաժնի վարիչ Լիլիթ Մելքոնյանը, Տպագիր արտադրանքի վերականգնման բաժնի վերականգնող Աիդա Գևորգյանը, Օտարալեզու մշակման բաժնի գլխավոր գրադարանավար Նաիրա Լեսիշը, Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի Հայ գրքի և մամուլի ենթաբաժնի վարիչ Աստղիկ Ներսեսյանը։
Պատվոգրերը հանձնեցին աշխատակիցների անմիջական ղեկավարները։ Յուրաքանչյուր պարգևատրվողի ներկայացնելիս նրանք խոսեցին ոչ միայն մասնագիտական ճանապարհի, պատասխանատու և բարեխիղճ աշխատանքի մասին, այլև մարդկային հատկանիշների՝ գործընկերների նկատմամբ հոգատարության, պատրաստակամության և տարիների ընթացքում ձևավորված վստահության մասին։ Այդ խոսքերը միջոցառմանը հաղորդեցին առանձնահատուկ ջերմություն՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ գրադարանի ամենամեծ արժեքներից մեկը այնտեղ աշխատող մարդիկ են։ Շնորհավորում ենք մեր գործընկերներին Գրադարանավարի օրվա առթիվ և մաղթում նոր ձեռքբերումներ, մասնագիտական հաջողություններ ու անսպառ եռանդ՝ իրենց կարևոր առաքելությունը շարունակելու ճանապարհին։
