ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ֆիլմի դիտում | Ժակ Քեբադեան «20 տարի անց»

սպտ 09, 2024 Միջոցառումներ Կինոակումբ

qwscvbhu
 

Հայաստանի ազգային գրադարանը երեկ հյուրընկալել էր ֆրանսահայ կինոռեժիսոր Ժակ Քեբադեանին։ Կինոռեժիսորը Հայաստանում էր «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի և Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի հրավերով։ Ազգային գրադարանում ցուցադրվեց անվանի ռեժիսորի «20 տարի անց» ֆիլմը։ Ֆիլմի «հերոս» ընտանիքին Ժակ Քեբադեանը հանդիպել է սփյուռքում։ Ֆիլմում ներկայացված են ընտանիքի՝ պատմական հայրենիք մեկնելու սպասումները։ Նույն հերոսներին տեսնում ենք նաև արցախյան առաջին պատերազմի և հետպատերազմյան ծանր տարիներին, և ի վերջո, ականատես լինում Միացյալ Նահանգներ ընտանիքի արտագաղթին։

qed

Կինոդիտմանը հաջորդեց ֆիլմի քննարկումը և հարց ու պատասխան անվանի ռեժիսորի հետ։ Ի պատասխան քննարկման մասնակիցներից մեկի կոչի, թե այս տասնամյակներին տարբեր պատճառներով հայրենիքից հեռացածներին պետք է Հայաստան հրավիրել մեր երկիրը նորից ծաղկեցնելու, և այդպիսով նկարել ֆիլմի շարունակությունը, Ժակ Քեբադեանը ասաց, որ «շարունակությունը» պիտի նոր սերնդի երիտասարդները նկարահանեն և ապահովեն Սփյուռք-Հայաստան միասնությունը։ «20 տարի անց» ֆիլմը դիտած և ռեժիսորի հետ զրույցի բռնված հանդիսատեսը երեկ խառնակ զգացումներով էր հեռանում Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճից։ Հույսն ու հուսահատությունն էին կողք-կողքի տիրապետում թամանյանական մասնաշենքում՝ հույսի ու դրական հույզերի չափաքանակն ավելացնելու ակնկալիքով ու ցանկությամբ։