Հեռախոսահամար
ապր 10, 2025 Նորություններ Հայաստանյան տասնյակ
Մարտին Երևանի և մարզային գրադարանների առավել պահանջարկված գրքերի ցուցակներում 12 դետեկտիվ կա Ագաթա Քրիստիից, 4 սիրավեպ Գոհար Նավասարդյանից, 3-ական գիրք Հրանտ Մաթևոսյանից և Էլիֆ Շաֆաքից։ Տարվա բոլոր եղանակներին բարձր պահանջարկ ունեն Վարդգես Պետրոսյանի, Վախթանգ Անանյանի, Վահան Թոթովենցի, Ջոն Գրինի, Մարկ Լևիի, Խալեդ Հոսեյնիի, Աշոտ Աղաբաբյանի գրքերը։ Ամսվա ամենամեծ պահանջարկն ունեցել են հայ գրողների գրքերը՝ Նար-Դոսի «Սպանված աղավնի»-ն, Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ը, Սերո Խանզադյանի «Մխիթար սպարապետ»-ը և Րաֆֆու «Խենթը»։
Գրքային ամենամսյա քարտեզի վրա մենք ներկայացնում ենք տվյալ մարզի գլխավոր գրադարանի ամենապահանջարկված գիրքը։ Մեր էջին հետևողներին նաև հետաքրքրում է, թե որ գիրքն է ամենապահանջարկվածը առանձին քաղաքում կամ համայնքում։ Այսօր երկու քաղաք կներկայացնենք՝ Սպիտակը և Ստեփանավանը։ Սպիտակի քաղաքային գրադարանում առաջատար են Գրիգոր Զոհրապի «Նովելներ»-ը, Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը, ինչպես նաև Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» այլաբանական վիպակը և թուրք գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպը։
Ստեփանավանում առաջատար գիրքը Նար-Դոսի «Սպանված աղավնի»-ն է։ Արտասահմանյան գրողներից ընթերցողները նախընտրել են Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունը, Ագաթա Քրիստիի «Հանդիպում մահվան հետ» դետեկտիվը և ամերիկացի գրող Նիկոլաս Սփարքսի «Հիշարժան զբոսանք» սիրավեպը։