Հեռախոսահամար
մրտ 01, 2024 Միջոցառումներ Կինոակումբ
Մի քանի ժամից ես կլքեմ այս աշխարհը։ Մեզ գնդակահարելու են այսօր ցերեկը՝ ժամը 15։00-ին։ Ինձ թվում է, թե սա պատահականություն է իմ կյանքում, ես սրան չեմ հավատում, բայց, այնուամենայնիվ, գիտեմ, որ այլևս երբեք քեզ չեմ տեսնելու»։ Այսպես է սկսել Միսաք Մանուշյանը սիրելիին ուղղված իր նամակը։ Հայաստանի ազգային գրադրանի թամանյանական մեծ դահլիճը կրկին մարդաշատ էր։ Ֆրանսիայի դեսպանությունը, «Ֆիլմադարան» ՀԿ-ի և Ազգային գրադարանի հետ համատեղ, կազմակերպել էր հատուկ կինոցուցադրություն։ Էկրանին էր Ֆրանկ Կասենտիի «Կարմիր պաստառը» ֆիլմը: Ցուցադրությունը նվիրված էր Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունների ամփոփմանը փարիզյան Պանթեոնում, որը տեղի ունեցավ երեկ՝ փետրվարի 21-ին։
Օկուպացված Ֆրանսիայի պատերին փակցված կարմիր պաստառը ժողովրդի դատաստանին էր հանձնել մի խումբ օտարերկրյա, մեծ մասամբ՝ կոմունիստ պարտիզանների, որոնց ղեկավարում էր հայազգի Միսաք Մանուշյանը: Ֆրանսիայի համար պայքարող 23 ներգաղթյալ պարտիզաններից 22-ը, որ ձերբակալվեցին գերմանացիների ծավալած լայն արշավի ընթացքում, գնդակահարվեցին Մոն-Վալերիենում 1944 թվականին։ Լուի Արագոնի «Կարմիր ազդը» բանաստեղծությունը հենց այս իրադարձությունների մասին է, որը երգի է վերածել Լեո Ֆերեն։ Երգը հայերեն թարգմանել և կատարում է Պերճ Թյուրաբյանը։ Ցուցադրությունից առաջ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ունկնդրելու այդ երգը։ Լեո Ֆերեի երգն էր հնչում նաև փարիզյան Պանթեոնում Մանուշյանների աճյունների ամփոփման ժամանակ։
«Կարմիր պաստառը» ֆիլմը, վստահաբար, մեծ տպավորություն թողեց հանդիսատեսի վրա, որի վկայությունն էր ցուցադրությունից հետո տեղի ունեցած բուռն քննարկումը։