Հեռախոսահամար
օգս 17, 2023 Նորություններ
Հայաստանի ազգային գրադարանը հայ պարբերական մամուլի թվայնացման ու նշաճանաչման գործընթացի շրջանակում ամբողջովին նշաճանաչել է «Ավանգարդ» թերթի տպագիր համարները։ Թերթի բոլոր համարները՝ 1923-ից մինչև 2016թ., ամբողջովին թվայնացվել էին ամիսներ առաջ՝ պարբերականի 100-ամյակի առթիվ։ Ազգային գրադարանում «Ավանգարդի» 100-ամյակի հոբելյանին նվիրված հանդիսությանը գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, խոսելով գրադարանի թվային պաշարների մասին, «Հայ մամուլ» շտեմարանը ներկայացրեց «Ավանգարդ» թերթի բոլոր տարիների թվայնացված համարների օրինակով։
Աննա Չուլյանը նշեց, որ Ազգային գրադարանը ոչ միայն հավաքում, մշակում և պահպանում է տպագիր ժառանգությունը, այլև թվայնացման և նշաճանաչման միջոցով ապահովում է դրանց հանրամատչելիությունը հետազոտողների և ընթերցող հանրության համար։ Հենց այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ շատ շուտով «Ավանգարդի» բոլոր համարները նաև կնշաճանչվեն ։ Այսօր արդեն «Ավանգարդը» նշաճանաչված է, այսինքն ամբողջությամբ փնտրելի և հարմար քաղվածքներ ու մեջբերումներ անելու համար։ Թերթն ամբողջովին հասանելի է հետազոտողին գրադարանի Հայկական շարունակական հրատարակությունների համահավաք «Հայ մամուլ» շտեմարանում։
2023-ի օգոստոսի 17-ի դրությամբ՝ «Հայ մամուլ» շտեմարանում ամբողջությամբ նշաճանաչված է 197 անուն պարբերական, որը կազմում է 1 միլիոն 423 հազար 437 էջ։ Նշաճանաչման փուլում է խորհրդային տարիների մյուս հայտնի պարբերականը՝ «Երեկոյան Երևանը», որը ընթերցողներին կհանձնենք աշնանը։