ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ամենաշատ ընթերցված գրքերը սեպտեմբերին

հկտ 23, 2024 Նորություններ

սեպտեմբեր ամենա
 

Ազգային գրադարանի ընթերցողները շարունակում են ակտիվորեն դասական և ժամանակակից գեղարվեստական գրականություն ընթերցել։ Գրքեր, որոնք միշտ ընթերցողական պահանջարկ ունեն՝ Ալեքսանդր Դյումայի «Մարգո թագուհի» վեպը, Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները»։ Այս վեպերը ճանաչված և սիրված են աշխարհում և դիմացել են ժամանակի փորձությանը: Դասական վեպերը հուզական ուժեղ պատմություններ և անմոռանալի հերոսներ ունեն, որոնք շարունակում են ոգեշնչել բազմաթիվ սերունդների:

Անշուշտ Ազգային գրադարանում անհամեմատ ավելի շատ մասնագիտական գրականություն է ընթերցվում: Մեր գրադարանի գիտական և մասնագիտական գրականության հավաքածուները մեծ պահանջարկ ունեն և հատկապես այն թեմաները, որոնք անդրադառնում են իրավունքի, հոգեբանության, կրթության և գրականագիտության հարցերին:

Սեպտեմբերին շատ ընթերցողներ օգտվել են Սերգեյ Սարինյանի «Հայոց գրականության երկու դարը» աշխատությունից, որը կարևոր աղբյուր է հայ գրականության ուսումնասիրության համար: Իսկ, Պաոլո Ջորդանոյի «Համավարակ» գիրքը քննարկման կարևոր հարցադրումներ է անում՝ անդրադառնալով COVID-19 համավարակի հոգեբանական և սոցիալական ազդեցություններին:

Հայաստանի ազգային գրադարանը բազմաթիվ սերունդների գիտնականների և ուսումնասիրողների համար անփոխարինելի վայր է, որտեղ նրանք հետազոտական աշխատանք են կատարում, իսկ շրջակա բուհերի ուսանողներն իրենց առաջին քայլերն են անում դասերը սերտելու և իրենց մասնագիտական գիտելիքները յուրացնելու ճանապարհին: