ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

ԱԴԱՄՈՎՅԱՆ ՕՐԵՐ|Արթուր Ադամով.Մարդը և երեխան

մրտ 17, 2026 Նորություններ

IMG-0387-1-1

Մարտի 24-ին՝ 15:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա հայազգի ֆրանսիացի նշանավոր արձակագիր, աբսուրդի թատրոնի հիմնադիրներից Արթուր Ադամովի «Մարդը և երեխան» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Ալեֆ» հրատարակչությունը: «Մարդը և երեխան» ինքնակենսագրական վեպը Արթուր Ադամովը գրել է երկարատև և տանջալի հիվանդության ընթացքում։ Այն յուրօրինակ կերպով միավորում է հիշողության մշուշոտ, ցավագին պատկերները այն դաժան ու ճնշող իրականության մասին, որի մեջ ապրում և ստեղծագործում էր հեղինակը։ Գրքում ճանաչելիորեն և երբեմն անճանաչելիորեն հանդիպում ենք Ադամովի մտերիմ ու ազդեցիկ ժամանակակիցներին, որոնք ոչ միայն կենսագրական կերպարներ են, այլև մտավոր ու հոգևոր միջավայրի խորհրդանիշներ։

Ադամովը վեպում մանրամասնորեն քննում է իր տառապանքը՝ այն դիտարկելով ոչ միայն որպես ֆիզիկական կամ հոգեկան ցավ, այլև ինքնաճանաչման միջոց։ Նա անխնա վերլուծում է իր անձը, վախերը, մեղքի զգացումը, օտարումը և ներքին երկփեղկվածությունը։ Ստեղծագործությունը վերածվում է ինքնախոստովանության, հոգեբանական հարցաքննության, որտեղ հեղինակը միաժամանակ մեղադրյալ է, դատավոր և վկա։ Վեպի կենտրոնում երկու կերպար է՝ «մարդը» և «երեխան», որոնք հեղինակի կյանքի երկու ժամանակներն ու հոգեվիճակներն են։ «Մարդը և երեխան» («L’homme et l’enfant») գրվել և հրատարակվել է 1968 թ. Փարիզում՝ նշանավոր «Գալիմար» հրատարակչությունում:

Շնորհանդեսը ողջույնի խոսքով կմեկնարկի ՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը։ Շնորհանդեսի բանախոսներն են՝ Սաթէ Խաչատրյան՝ բանասիր. գիտ. թեկնածու, գրքի թարգմանիչ Արմեն Սարգսյան՝ գրքի խմբագիր Արամ Ավետիս՝ արձակագիր, կինոգետ Երվանդ Վարդանյան՝ արձակագիր Գրքի հրատարակումը և շնորհանդեսը ներառված են «Ադամովյան օրերը Հայաստանում» նախագծում` Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների ծրագրի շրջանակում։