ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Սեմինար Հրազդանի համայնքային գրադարաններում

ապր 07, 2025 Նորություններ

IMG-0387-1-1

 

Ապրիլի 5-ին Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցներ Ներսես Հայրապետյանը և Անիցա Գենջյանը Հրազդանի Ջրառատ թաղամասի թիվ 6 գրադարանում վարեցին մեկօրյա սեմինար՝ նախատեսված Հրազդան համայնքի շուրջ 30 գրադարանային աշխատակիցների համար։

Անիցա Գենջյանը հանդես եկավ «Համայնքային գրադարանների ֆոնդերի էլեկտրոնային հաշվառում և գույքագրում» թեմայով սեմինարով՝ ներկայացնելով ոլորտում առկա նորարարական գործիքներն ու Հայաստանի ազգային գրադարանի փորձը։ Ներսես Հայրապետյանը սեմինարի մասնակիցների հետ քննարկեց արագ փոփոխվող աշխարհում գրադարանային ծառայությունների վերակազմակերպման հարցերը՝ առանձնահատուկ շեշտադրելով ժամանակակից գրադարանների դերը տեղեկատվության հասանելիության և հանրային ծառայությունների տրամադրման ոլորտում։ Նա նաև գրադարանավարներին ծանոթացրեց Հայաստանի ազգային գրադարանի պաշտոնական կայքի կառուցվածքին և բովանդակությանը, ինչպես նաև ներկայացրեց ՀԱԳ «Հայ գիրք» և «Հայ մամուլ» էլեկտրոնային շտեմարանները՝ որպես արդյունավետ գործիքներ թվայնացված տեղեկատվության օգտագործման գործում։

Հաճելի էր ծանոթանալ համայնքային գրադարանների աշխատանքին և տեղեկանալ, որ համայնքի բոլոր գրադարաններն ապահովված են համակարգիչներով և համացանցի անլար կապով, ինչը բարենպաստ հենք է հետագա զարգացման համար։ Սեմինարի ավարտից հետո Ազգային գրադարանի աշխատակիցները այցելեցին նաև Հրազդանի թիվ 5 և թիվ 7 համայնքային գրադարաններ, տեղում ծանոթացան գրադարանների գործունեությանը և առկա խնդիրներին։

Գրադարանի տնօրեն Կարինե Ասատրյանը տեղեկացրեց, որ գրադարանների հիմնական խնդիրը սեփական տարածք չունենալն է։ Ներկայումս համայնքի ղեկավարի հետ քննարկվում է գրադարանների հեռանկարային զարգացման, ինչպես նաև նոր ժամանակակից գրադարաններ կառուցելու հարցերը։

Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալ օգտակար գիտելիքներ գրադարանային աշխատանքի թվայնացման, գրադարանային ֆոնդերի կառավարման և ժամանակակից մոտեցումների վերաբերյալ։ Սեմինարը նպատակ ուներ խթանել մասնագիտական կարողությունների զարգացումը, ինչպես նաև աջակցել համայնքային գրադարաններին՝ կատարելագործելու իրենց աշխատանքը ժամանակակից պահանջներին համապատասխան։