Հեռախոսահամար
փտր 25, 2025 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ Ցուցահանդեսներ
Գրադարանի այս շաբաթը սկսվեց նշանակալից իրադարձությամբ։ Փետրվարի 10-ին՝ երկուշաբթի օրը, թամանյանական մեծ ցուցասրահում բացվեց բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ, մշակութաբան Կոստան Զարյանի ծննդյան 140-ամյակին նվիրված ուշագրավ ցուցահանդես։ Ցուցահանդեսը բացեց Ներսես Հայրապետյանը և ներկաների ուշադրությունը հրավիրեց ցուցադրության կարևոր նյութերի վրա։
Ցուցադրության մեջ ներկայացված են գրողի՝ հայերեն և օտար լեզուներով ավելի քան 50 գիրք, լուսանկար, արխիվային փաստաթուղթ և այլ նյութեր։ Առաջին անգամ հանրությանն է ներկայացվում Կոստան Զարյանի ծննդյան վկայաթուղթը, որը հաստատում է, որ գրողը ծնվել է 1885 թվականի փետրվարի 8-ին։ Ցուցադրված նյութերի մեջ էր 1926 թվականի հոկտեմբերի 20-ին Հոլանդիայում իր կարդացած հրապարակային դասախոսություններից մեկի տպավորիչ ազդագիրը, ինչպես նաև բանաստեղծի մի քանի ինքնագիր։
Ցուցահանդեսի բացումից հետո գրադարանի սրահներից մեկում շուրջ երկու ժամ ունկնդիրները լսեցին գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանի դասախոսությունը Կոստան Զարյանի կյանքի և գրականության շուրջ։
Դասախոսությունից հետո գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ամփոփեց օրվա միջոցառումը և շնորհակալություն հայտնեց դասխոսին և ունկնդիրներին։