ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանդիպում գեղագրութեան վարպետ, արուեստագէտ Ռուբէն Մալայեանի հետ

նմբ 21, 2025 Հանրային դասախօսութիւններ

IMG-0387-1-1

Հայոց տառը՝ պատմություն, փիլիսոփայություն և արվեստ Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի նախաձեռնությամբ Արվեստի բաժնի ընթերցասրահում տեղի ունեցավ հանդիպում-հանրային դասախոսություն գեղագիր, վիզուալ նկարիչ Ruben Malayan Ռուբեն Մալայանի հետ՝ ՀԱՅՈՑ ՏԱՌԱՐՎԵՍՏԻ ՄՇԱԿՈՒՅԹ / Ռուբեն Մալայան թեմայով։ Մալայանը Ազգայինի երկարամյա ընթերցողն է. Տարիներ շարունակ ուսումնասիրել է հայ գրչարվեստը ինչպես Անձեռնմխելի գրականության, այնպես էլ Արվեստի բաժնում։ Մալայանը ներկայացրեց հայ գրավոր մշակույթի պատմությունը՝ դիտարկելով այն որպես անընդհատ զարգացող, բայց ամուր մաշտոցյան արմատներ ունեցող համակարգ։

Դասախոսության ընթացքում համապարփակ քննարկվեցին և վերլուծվեցին մաշտոցյան գրերի ժառանգության, ձեռագրային և տպագրական մշակույթի, ինչպես նաև ժամանակակից գեղագրության խորքային ուղղությունները։ Ներկայացվեց հայոց այբուբենի ստեղծման պատմական ճանապարհը՝ ընդգծելով դանիելյան գրերի փորձը և դրանց նշանակությունը։ Այս համատեքստում վերլուծվեցին մաշտոցյան գրերի կառուցվածքային և հոգևոր ներդաշնակությունը, որոնք դարեր շարունակ եղել են հայկական մշակույթի և ինքնության առանցքային հենքերից մեկը։ Ռուբեն Մալայանը ներկայացրեց տառարվեստի էվոլյուցիան, թե ինչպես են մաշտոցյան գրերից զարգացել հիմնական գրատեսակները՝ բոլորգիրը, շեղագիրը և նոտրգիրը։ Քննարկվեցին դրանց ստեղծման պատմական միջավայրը, կիրառական նշանակությունը և գեղագիտական առանձնահատկությունները։ Դասախոսության կարևոր բաժիններից էր նաև ձեռագիր, տպագիր և զարդագիր մշակույթի զարգացումը։ Անդրադարձավ նաև ձեռագիր մատյանների ավանդույթից դեպի տպագիր գիրք անցմանը, հնատիպ գրականության առանձնահատկություններին և փոխակերպումներին։ Հատուկ ուշադրություն դարձվեց ձեռագիր և տպագիր հմայիլների տարբերություններին, ինչպես նաև զարդագրերի՝ հատկապես թռչնագրերի ստեղծման սկզբունքներին ու խորհրդաբանությանը։

Ներկայացվեց գեղագրությունը՝ որպես ժամանակակից արվեստ։ Քննարկվեց, թե ինչպես է տառը մաքուր լեզվական միավորից վերածվում գեղարվեստական գծի, ձևի և կոմպոզիցիայի՝ դառնալով աբստրակտ արվեստի ինքնուրույն ուղղություն։ Դասախոսությունը եզրափակվեց Ռուբեն Մալայանի անձնական պորտֆոլիոյի ցուցադրմամբ, որտեղ հեղինակը ներկայացրեց իր գեղագրական աշխատանքները՝ որպես մաշտոցյան սկզբունքների ժամանակակից և ստեղծագործական արտահայտություն։ Իր աշխատանքները ներկայացնելիս Մալայանը նշեց, որ այսօր, տևական ժամանակ անց ու այն էլ գեղագրորեն գրի է առնում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն» կոթողը։ Նրա պատկերացմամբ՝ իր աշխատանքը մի ճանապարհ է, որի մի մասն արդեն անցել է։ «Մատյան ողբերգությունն» ունի 95 գլուխ և ավելի քան 368 հազար տառ։ Հանդիպումը, որը լի էր նոր գիտելիքներով, ցույց տվեց, թե որքան կենդանի և մնայուն է հայոց տառարվեստը։