ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ատոմ Մխիթարյանը ներկայացրեց գիտաչափության դերը ժամանակակից գիտությունում

ապր 18, 2026 Միջոցառումներ

IMG-0387-1-1

Գիտաչափությունը՝ որպես գիտության թվային վերլուծության արվեստ, այսօր ավելի արդիական է, քան երբևէ։ #Ազգային_գրադարանային_շաբաթվա ծրագրի շրջանակում այս թեմայով հանրային դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, մանկավարժության դոցենտ, կրթության ոլորտի փորձագետ Atom Mkhitaryan / Ատոմ Մխիթարյանը՝ ներկայացնելով գիտության ժամանակակից զարգացումների կարևոր միտումները։ 📈Նա խոսեց գիտական տեղեկատվության աննախադեպ աճի մասին, երբ աշխարհում ամեն օր ավելանում են միլիոնավոր հրապարակումներ, գործում են հազարավոր գիտական ամսագրեր, և ձևավորվում է գլոբալ մրցակցային միջավայր։ Այս պայմաններում առավել քան երբևէ կարևորվում է գիտության քաղաքականության հստակ ձևավորումը։ Դասախոսության ընթացքում անդրադարձ եղավ նաև հիմնարար հարցերին՝ ով է ազդեցիկ գիտնականը և ինչն է իրականում որոշում գիտության արժեքը՝ գաղափա՞րը, թե՞ տվյալը։

Գիտաչափությունը հնարավորություն է տալիս գիտությունը դիտարկել քանակական տեսանկյունից՝ գնահատելով հրապարակումները, դրանց հղումները, գիտնականների միջև համագործակցությունները և ընդհանուր գիտական ազդեցությունը։ Այս շրջանակում առանձնացվում են հիմնական գիտաչափական ցուցանիշները՝ Citation Count, Impact Factor, H-index և I10-index, որոնք լայնորեն կիրառվում են գիտական գործունեության գնահատման մեջ։ Միաժամանակ ընդգծվեց, որ գիտության գնահատման համակարգը ժամանակի ընթացքում էվոլյուցիայի է ենթարկվում։ Թվայնացումը արմատապես փոխում է գիտական դաշտը՝ խթանելով բաց գիտության (Open Science) զարգացումը, արհեստական բանականության և տվյալների վերլուծության կիրառումը, գիտական բազաների ընդլայնումը և համագործակցային գիտության ձևավորումը։

Դասախոսության ընթացքում ներկայացվեց նաև մանկավարժության դոցենտ, ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանի և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի համահեղինակությամբ լույս տեսած «Կրթության կառավարում» շարքի հերթական ուսումնական ձեռնարկը։ Այն նպատակ ունի դառնալու գործնական ուղեցույց ոլորտում որոշումներ կայացնողների, հետազոտողների, ասպիրանտների և ուսանողների համար։ Գիրքը ներկայացնում է գիտական հետազոտությունների տեսական հիմքերը, գիտության կազմակերպման գործնական մոտեցումները և գիտաչափության ժամանակակից մեթոդները՝ առաջարկելով համապարփակ տեսլական գիտակրթական ոլորտի զարգացման համար։ 📑Գիտաչափությունը կարևոր գործիք է, որը կարող է բարձրացնել գիտության տեսանելիությունը, աջակցել ռազմավարական որոշումների կայացմանը և նպաստել ֆինանսավորման արդյունավետ բաշխմանը։ Սակայն, որքան էլ այն օգտակար լինի, այն չի կարող ամբողջությամբ արտացոլել գիտության էությունը․ չի կարող չափել ստեղծարարությունը և չի կարող փոխարինել գիտական աշխատանքի իրական որակին։