Հեռախոսահամար
դկտ 04, 2025 Նորութիւններ Հանրային դասախօսութիւններ

Հայաստանի ազգային գրադարանում կայացավ պատմաբան, հասարակական և քաղաքական գործիչ, դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի հանրային դասախոսությունը «Ինչպէ՞ս մտածել Սփիւռքի մասին» թեմայով։ Դասախոսության ընթացքում Լիպարիտյանը լայնորեն անդրադարձավ Հայկական սփյուռքի ձևավորման պատմական պատճառներին, զարգացման փուլերին և ներկայիս խնդիրներին՝ առաջարկելով սփյուռքն ընկալել որպես դինամիկ, բազմաշերտ և շարունակաբար փոփոխվող իրականություն։ Բանախոսը ընդգծեց, որ սփյուռքը միատարր երևույթ չէ. այն ձևավորվել է տարբեր դարաշրջաններում, բազմաբնույթ շարժառիթներով և տարբեր կենսական պայմաններում։
Սփյուռքի ձևավորման հիմքում ընկած են ինչպես կամավոր, այնպես էլ արհեստական գործոններ։ Միջնադարում և հետագա դարաշրջաններում վաճառականները, արհեստավորներն ու գիտնականները տեղափոխվել են նոր շուկաներ և մշակութային միջավայրեր՝ որոնելով տնտեսական հնարավորություններ և մտավոր զարգացման նոր դաշտեր։ Ժամանակի ընթացքում աշխատանք և բարեկեցություն փնտրողների հոսքերը հեռացել են Հայաստանից։ Սակայն սփյուռքի ձևավորման ավելի ողբերգական էջերը կապված են բռնաճնշումների, պատերազմների և պետական քաղաքականությունների հետ, որոնք հարկադրել են մեծ զանգվածների հեռանալ իրենց պատմական բնակավայրերից։ Հատկապես 19-20-րդ դարերի կոտորածները, Հայոց ցեղասպանությունն ու հետագա բռնաճնշումները հզոր տարագրման ալիքներ են ստեղծել. այնուամենայնիվ, հայկական սփյուռքի ձևավորման և գոյության հիմնական պատճառ այն չպետք է դիտարկվի։ Լիպարիտյանի դիտարկմամբ՝ սփյուռքի մեջ մշտապես առկա է և կմնա ինքնության և հայապահպանության հարցը։ Նա կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանի անկախությունը և միջազգային ճանաչումը նոր սերունդների համար զգալիորեն փոխել և որոշ առումով թեթևացրել է ինքնության ճգնաժամի հարցադրումները։
Բանախոսը սփյուռքը բնորոշեց որպես «ապրող և զարգացող բարդ երևույթ»։ Սփյուռքում միաժամանակ գոյակցում են համայնքներ, որոնք աճում են, մասնագիտանում, ուժեղանում, և համայնքներ՝ որոնք ժամանակի ընթացքում մարում ու անհետանում են։ Ըստ Լիպարիտյանի՝ սա բնական գործընթաց է` պայմանավորված լեզվի աստիճանական կորստով, ասիմիլյացիայով, սոցիալական ինտեգրմամբ և դեմոգրաֆիական տեղաշարժերով։
Որպես խոսուն օրինակ նա ներկայացրեց Կուբայի հայ համայնքը։ 1920-ականներին այնտեղ կար բավական մեծ, ակտիվ և հայախոս համայնք, սակայն ժամանակի ընթացքում, բնական նվազման և արտագաղթի հետևանքով, մոտ տասնամյակ առաջ արդեն մնացել էր ընդամենը տասը ընտանիք։ Այսօր, ինչպես նշեց բանախոսը, հնարավոր է, որ Կուբայում այլևս հայախոս ընտանիքներ ընդհանրապես չլինեն։ Այս օրինակը, Լիպարիտյանի համոզմամբ, ցույց է տալիս, թե ինչպես են սփյուռքի որոշ օջախներ խաղաղ, առանց ցնցումների մարում, մինչդեռ մյուսները զարգանում և վերաձևավորվում են՝ նոր բովանդակությամբ ու դերակատարությամբ։
Դասախոսության ընթացքում նա շարունակ շեշտեց, որ սփյուռքը պետք է դիտարկել ոչ թե որպես «ավարտված» պատմական փաստ, այլ որպես շարժման մեջ գտնվող համակարգ, որն ապրում է տարբեր մշակույթների, լեզուների և պետական կառուցակարգերի միջավայրում։ Այդ իրողությունը ենթադրում է միաժամանակ վերելքներ ու անկումներ, ստեղծում և քայքայում, համախմբում և տարրալուծում, ինչը, ըստ Լիպարիտյանի, բնական է նման բազմակենտրոն ու բաց կառուցվածք ունեցող միության համար։
Դասախոսության ավարտին Ժիրայր Լիպարիտյանը պատասխանեց բազմաբնույթ հարցերի՝ անդրադառնալով սփյուռքի ապագայի հեռանկարներին, Հայաստանի հետ հարաբերություններին, ինքնության պահպանման ռազմավարություններին, ինչպես նաև համահայկական միասնական հարթակների և կառուցողական համագործակցության անհրաժեշտությանը։ Նրա վերլուծությունները և ներկայացված օրինակները մեկ անգամ ևս ընդգծեցին, որ սփյուռքը ոչ թե անցյալի ժառանգություն է, այլ ընթացիկ, շարունակաբար վերափոխվող իրականություն, որի ապագան մեծապես կախված է թե՛ սփյուռքահայ համայնքների ներքին կենսունակությունից, թե՛ Հայաստանի հետ փոխշահավետ և երկարաժամկետ կապերի ձևավորումից։
