Հեռախոսահամար
դկտ 25, 2023 Միջոցառումներ
«Հրաչյա Ղափլանյանը Դրամատիկական թատրոնի հիմքում այնպիսի քար է դրել, որի վրա սխալ բան կառուցելը հնարավոր չի, կփլվի»,- շեշտեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը՝ Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ Հայաստանի ազգային գրադարանի կազմակերպած միջոցառմանը։ Ազգային գրադարանը հյուրընկալել էր Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի մի ամբողջ աստղաբույլի։ Առիթը անվանի ռեժիսոր-բեմադրիչ, դերասան, Երևանի դրամատիկական թատրոնի հիմնադիր Հրաչյա Ղափլանյանի հոբելյանն էր։
Ազգային գրադարանը հյուրընկալել էր Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի մի ամբողջ աստղաբույլի։ Առիթը անվանի ռեժիսոր-բեմադրիչ, դերասան, Երևանի դրամատիկական թատրոնի հիմնադիր Հրաչյա Ղափլանյանի հոբելյանն էր։ Ազգային գրադարանի տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանը, ողջունելով Դրամատիկականի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանին, թատրոնի տնօրեն Արտաշես Մխիթարյանին և դերասաններին՝ նշեց, որ գրադարանները սերտորեն կապված են թատրոնի և թատերարվեստի հետ։ Հայրապետյանն ընդգծեց Ազգային գրադարանի «Հայ մամուլ» շտեմարանում թվայնացված հաճախ նաև նշաճանչված են թատերական տասնյակ պարբերականներ, դրանց թվում՝ Հակոբ Պարոնյանի հրատարակած «Թատրոն» և «Թատրոն. Բարեկամ մանկանց» հանդեսները։
Թատրոնի դերասան Ռոբերտ Հարությունյանին 1973 թվականից բախտ է վիճակվել աշխատել Հրաչյա Ղափլանյանի հետ։ «Նա այնպիսի ռեժիսոր էր, որ եթե թատրոնի միջանցքով անցնում էր, արդեն թատրոն էր, նրա փորձ անելը թատրոն էր, նրա անեկդոտ պատմելը թատրոն էր, նրա մեզ հետ վարվելն արդեն թատրոն էր։ Եվ ամենազարմանալին այն էր, որ նա թատերական կրթություն չէր էլ ստացել, ընդունվել էր Գյումրու (Լենինական) թատրոնը, հետո եկել էր Երևան»,- պատմեց դերասանը։ Սիրված դերասանուհի Էվելինա Շահիրյանի հուշերը նույնպես սրտառուչ էին։ «Հրաչյա Ղափլանյանը շատ հումորով անձնավորություն էր, դրա համար նրա փորձերը շատ հետաքրքիր էին անցնում»,- ասաց դերասանուհին՝ ընդգծելով, որ Ղափլանյանը իմպրովիզի վարպետ էր. «Էնպես էր լինում, որ մենք հասկանում էինք, որ ինչ-որ կտոր հենց այդ վայրկյանին մտցրեց՝ ելնելով նրանից, թե դերասաններն ինչպես խաղացին։ Այդ կտորը, որը նորություն էր, միշտ իրեն հաջողվում էր»։
Թատրոնի հանդեպ հանրության հետաքրքրությունը վերջին տարիներին նվազել է։ Դա հաստատեց նաև Արմեն Խանդիկյանը՝ համեմատելով Խորհրդային ժամանակների հետ. «Այդ տարիներին մենք շաբաթական 7 ներկայացում էինք տալիս, հիմա՝ 3-4։ Բայց հանդիսատեսը սկսել է նորից գալ, մեր թատրոնը դժգոհելու տեղ չունի, 90-95 տոկոս դահլիճի միջին զբաղվածությունը միշտ ապահովված է»։ Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, ողջունելով հյուրերին, հույս հայտնեց, որ կընդլայնվի համագործակցությունը Դրամատիկական թատրոնի հետ, կամրապնդվի երկու մշակութային օջախների կապը, և հանրությանը կներկայացվեն հետաքրքիր, որակյալ և ուսուցողական միջոցառումներ։ Աննա Չուլյանն ընդգծեց, որ այժմ Ազգային գրադարանը մի քայլ առաջ է անցել՝ մտնելով թվածին տեքստերի դարաշրջան։ Հյուրերը հետաքրքրությամբ ծանոթացան Արվեստի բաժնի պատրաստած ղափլանյանական գրականության ցուցադրությանը, Դրամատիկական թատրոնի տարբեր տարիների ազդագրերին։