ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Աղասի Այվազյան —100

դկտ 03, 2025 Նորութիւններ Միջոցառումներ

IMG-0387-1-1

Հայաստանի ազգային գրադարանում անցկացվեց հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում, որն ուղղված էր գրողի հարուստ ստեղծագործական ժառանգության արժևորմանն և հանրայնացմանը։ Միջոցառման շրջանակում հանրային դասախոսությամբ հանդես եկավ գրականագետ, այվազյանագետ, խմբագիր, լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Անի Փաշայանը։ Միջոցառման մասնակիցներին ողջունեց և բանախոսին ներկայացրեց ՀԱԳ Ընդհանուր ընթերցասրահի վարիչ Նարինե Գևորգյանը։

Անի Փաշայանն իր զեկուցման ընթացքում ներկայացրեց Աղասի Այվազյանի գրական, կինեմատոգրաֆիական և գեղարվեստական գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձավ նրա ստեղծագործությունների թեմատիկ բազմազանությանը, կերպարաշինության առանձնահատկություններին և գրողի մտահոգություններին։ Բանախոսը ներկայացրեց նաև գրողի հետ ունեցած իր հանդիպումների հիշողությունները՝ առանձնահատուկ շեշտելով Այվազյանի ստեղծագործական անհատականությունը, հայ մշակույթի նկատմամբ ունեցած նվիրվածությունը և Թիֆլիսի հանդեպ նրա հոգևոր կապը։ -Ինքնատիպ արևելյան այս քաղաքի գեղագիտության պատկերումը հարստացնում է գրողի ստեղծագործական տարածքը նոր ձայնով ու ռիթմով,- իր խոսքում նշեց Փաշայանը՝ մեջբերելով Այվազյանի խոսքերը. «Թիֆլիսում ծիածանի բոլոր գույներով Կախեթի գինիներ կային, Երևանի ծիրան, Թավրիզի խաղողն էր ինքն իրեն փարվում զամբյուղների մեջ, պարսիկները տապակած քյալլա էին գլխի վրա թավայով ման ածում ու ցրում նրա բուրմունքը, սրսկում ամեն քունջ ու պուճախ…. Թիֆլիսում հնդկական խուրմա կար, դարչին ու մեխակ, արաբական գունավոր քաղցր ջրեր, ղալիան, ու թևածում էին նրանց հոտերը քաղաքի վրա, միանում իրար, մի կախարդիչ ու գունավոր ամպ դառնում»: Սակայն Այվազյանի ստեղծագործությունների հենակետերից ամենահաստատունը ազգային նկարագրի, ցեղի անցյալի ու ապագայի, հայրենիքի ու նրա բնակչի, հայ մարդու հոգու ու բնավորության մասին խոհերն ու մտորումներն են, այն կարևոր եզրահանգումները, որ անում է գրողն աշխարհն ու մարդուն ճանաչող իր հայացքով: Միջոցառմանը մասնակցեցում էին նաև Անի Փաշայանի ուսանողները, ովքեր ընթերցեցին Աղասի Այվազյանի ստեղծագործություններից ընտրված հատվածներ՝ ներկայացնելով գրողի գեղարվեստական մտահղացումների կենդանի և անմիջական ընկալումը։

Ընդհանուր ընթերցասրահի աշխատակիցների նախաձեռնությամբ միջոցառման շրջանակում բացվել էր գրականության ցուցադրություն, որտեղ ներկայացված էր գրողի ամբողջական ստեղծագործական ժառանգությունը՝ արձակ և դրամատուրգիական աշխատանքները, կինոսցենարները, գեղարվեստական ալբոմները, ինչպես նաև Ազգային գրադարանի հավաքածուներում պահվող այլ նյութերը։ Ցուցադրության նպատակն էր ներկայացնել Այվազյանի բազմակողմանի արվեստը և նրա թողած նշանակալի մշակութային ժառանգությունը։ Միջոցառումը հարթակ դարձավ Աղասի Այվազյանի գրական ժառանգության նոր դիտարկումների և ժամանակակից ընթերցողի համար նրա ստեղծագործության կարևորության վերաարժևորման համար։