Հեռախոսահամար
հկտ 05, 2026 Միջոցառումներ

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ - 1075 Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու ծննդյան 1075-ամյակին նվիրված հանրային դասախոսություն՝ ներկայացնելով հայ մեծանուն բանաստեղծի, մտածողի, երաժշտի և աստվածաբանի հարուստ ստեղծագործական ու հոգևոր ժառանգությունը։ Միջոցառման ներկաներին ողջունեց Հայաստանի ազգային գրադարանի Ընդհանուր ընթերցասրահի վարիչ Նարինե Գևորգյանը՝ կարևորելով Գրիգոր Նարեկացու ժառանգության արժևորումն ու հանրահռչակումը և նման գիտակրթական հանդիպումների նշանակությունը։
Այնուհետև բանախոսությամբ հանդես եկավ արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ Արուսյակ Թամրազյանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Նարեկացու կյանքին ու ստեղծագործությանը, Նարեկավանքի հոգևոր-մշակութային միջավայրին, «Մատյան ողբերգության» երկին, տաղերին ու գանձերին։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նրա ստեղծագործությունների երաժշտական, խորհրդաբանական և փիլիսոփայական շերտերին, բառի, ձայնի ու պատկերի յուրահատուկ փոխկապակցվածությանը։ Բանախոսը ներկայացրեց նաև Նարեկացու տաղերում հանդիպող խորհրդանիշների բազմաշերտ համակարգը՝ լույսի, ջրի, ծաղկի, բնության և աստվածային ներկայության պատկերները, ինչպես նաև Աստվածամոր կերպարի մեկնաբանությունները։ Ընդգծվեց, որ Նարեկացու ստեղծագործություններում բանաստեղծական խոսքը, երաժշտությունն ու հոգևոր խորհուրդը հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն։
Դասախոսության ընթացքում անդրադարձ եղավ նաև Նարեկացու ժառանգության ձեռագրագիտական և բնագրագիտական ուսումնասիրություններին ու նրա ստեղծագործությունների՝ տարբեր ժամանակներում ձևավորված մեկնաբանական ավանդույթին։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունը, անցնելով դարերի միջով, շարունակում է մնալ հայ մշակույթի և հոգևոր մտքի բացառիկ արժեքներից մեկը՝ իր համամարդկային հնչողությամբ միավորելով հավատը, արվեստը, փիլիսոփայական միտքն ու բանաստեղծական խոսքը։
Միջոցառման շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի Մեծ ցուցասրահում բացվել էր Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններին նվիրված գրականության ցուցադրություն, որտեղ ներկայացված էին նրա երկերի՝ տարբեր տարիների հրատարակություններ, ինչպես նաև տարբեր լեզուներով թարգմանություններ։
