ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հովհաննես Նաղաշյանի փայտարվեստը I ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

հլս 02, 2026 Նորութիւններ

IMG-0387-1-1

Բացառիկ ցուցադրություն՝ նվիրված Հովհաննես Նաղաշյանի ծննդյան 150-ամյակին Հայաստանի ազգային գրադարանը և Երևանի պատմության թանգարանը սիրով հրավիրում են մասնակցելու հայ փայտարվեստի նշանավոր վարպետ Հովհաննես Նաղաշյանի ծննդյան 150-ամյակին նվիրված բացառիկ ցուցադրության բացմանը։ Այս հոբելյանական ցուցադրությունը եզակի հնարավորություն է բացահայտելու մեծ վարպետի ստեղծագործական ժառանգության մինչ այժմ անհայտ էջերը։ Առաջին անգամ հանրությանը կներկայացվեն Հովհաննես Նաղաշյանի երբևէ չցուցադրված էսքիզները, անձնական աշխատանքային գործիքները, ինչպես նաև նրա ստեղծագործական գործունեությունը ներկայացնող բացառիկ նմուշներ, որոնք բացահայտում են վարպետի աշխատանքի ընթացքն ու ստեղծագործական մտածողությունը։

Իր գործունեության ընթացքում Հովհաննես Նաղաշյանը կատարել է բազմաթիվ պատվերներ պետական և հասարակական հաստատությունների, ինչպես նաև անհատ պատվիրատուների համար՝ ստեղծելով իրենց պահանջներին համապատասխան գեղարվեստական բարձր արժեք ունեցող կահույք և փայտարվեստի գործեր։ Նրա ձեռքով ստեղծվել են գրասեղաններ, գրապահարաններ, ցուցասեղաններ, ամբիոններ, նստարաններ, ցուցափեղկեր, հարթաքանդակներ և բազմաթիվ այլ աշխատանքներ, որոնք այսօր էլ առանձնանում են իրենց բարձր գեղարվեստական ճաշակով և վարպետությամբ։

Նրա կարևոր պատվիրատուներից մեկն է եղել նաև Հանրային գրադարանը (Հայաստանի ազգային գրադարանը)։ Մինչ օրս գրադարանի ցուցասրահներն ու հատկապես Պատմության ցուցասրահը զարդարված են Հովհաննես Նաղաշյանի ստեղծած բացառիկ աշխատանքներով։ Կարելի է վստահությամբ ասել, որ հենց Հայաստանի ազգային գրադարանում է պահպանվում վարպետի ամենամեծ և ամբողջական ստեղծագործական ժառանգություններից մեկը, ինչը ցուցադրությանը հաղորդում է առանձնահատուկ արժեք։

📅 Հուլիսի 10

🕚 Ժամը 11:00

📍 Հայաստանի ազգային գրադարան,

Պատմության ցուցասրահ

Պատմության ցուցասրահը բաց կլինի բոլոր այցելուների համար, ովքեր հնարավորություն կունենան ոչ միայն մասնակցելու ցուցադրության բացմանը, այլև մոտիկից ծանոթանալու Հովհաննես Նաղաշյանի բացառիկ ստեղծագործություններին և Հայաստանի ազգային գրադարանում պահպանվող նրա հարուստ ժառանգությանը։ Մուտքը՝ ազատ