ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ռուբեն Գալչյանի նվերը ՀԱԳ-ին՝ մշակութային արժեք ներկայացնող եզակի գրքեր

հնս 16, 2026 Նուիրատուութիւններ

p style="text-align:center;"> IMG-0387-1-1

 

Հայաստանի ազգային գրադարանը համալրվել է բացառիկ արժեք ներկայացնող գրքերով, որոնք գրադարանին է նվիրել աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանը։ Նվիրաբերված հրատարակություններն առանձնանում են հեղինակային ինքնագրերով՝ ունենալով ոչ միայն մատենագիտական, այլև պատմամշակութային կարևոր նշանակություն։ Նվիրաբերված գրքերից է Պարույր Սևակի «Անմահները հրամայում են» գրքի 1948 թվականի հրատարակությունը։

Գրքի տիտղոսաթերթին պահպանվել է հեղինակի ինքնագիրը, որով նա 1949 թվականի հունիսի 3-ին գիրքը նվիրել է իր ընկերներին. «Սիրելի Ռաֆայել Բոցենցի ձեռքով՝ Թիֆլիսի իմ գրչակից բարեկամներին, ծանոթ-անծանոթ ընկերներին՝ առաջիկայում հանդիպելու ակնկալիքով և այս լավագույն ցանկությամբ, որ կարող էր միայն բանասերներն ունենալ»։ Առանձնակի արժեք ունի նաև Օսկար Ուայլդի «День рождения инфанты» («Ինֆանտայի ծննդյան օրը») գրքի 1909 թվականի հրատարակությունը, որի վրա պահպանվել է անվանի նկարիչ Վարդգես Սուրենյանցի ինքնագիրը։ 1910 թվականի փետրվարի 18-ին նա գիրքը նվիրել է իր քրոջը՝ գրելով. «Дорогой сестре в воспоминание тяжёлых дней пережитых вместе» («Սիրելի քրոջս՝ միասին վերապրած ծանր օրերի հիշատակին»)։

Այս բացառիկ հրատարակությունները, որոնք կրում են հայ մշակույթի նշանավոր գործիչների ինքնագրերն ու հիշատակային գրառումները, իրենց արժանի տեղը կգտնեն ՀԱԳ Անձեռնմխելի գրականության բաժնի Ինքնագրերի և անհատական հավաքածուների ենթաբաժնում՝ հարստացնելով ազգային ժառանգությունը և նոր հնարավորություններ ստեղծելով հետազոտողների ու ընթերցողների համար։