Звоните
май 09, 2025 Новости Пожертвование
Հայաստանի ազգային գրադարանն այսօր նվեր ստացավ եգիպտահայ լրագրող Թովմաս Գորգիսյանի Thomas Gorguissian (Թովմաս Կորկիսեան) «Իմ կյանքիս պատուհանը» հուշապատումի արաբերեն հրատարակությունը։ Գիրքը լույս է ընծայվել Կահիրեի «Ալ Շրուք» հրատարակչության կողմից 2025 թ. հունվարին։ Թովմաս Գորգիսյանը ավելի քան 50 տարվա լրագրողական աշխատանքի փորձ ունի, որից 30-ը նա ապրում և աշխատում է Միացյալ Նահանգներում։ Պարոն Գորգիսյանը թղթակցում է արաբական «Ալ ահրամ» և այլ թերթերի, հոդվածներ գրում հավասարապես թե՛ քաղաքական և թե՛ մշակութային թեմաներով։ Սա նրա երրորդ գիրքն է։ Հեղինակի խոսքով գիրքը ներկայացնում է ցեղասպանությունից փրկված մի մեծ ընտանիքի պատմության խճանկարը, մարդկանց ճակատագրերը և եգիպտահայ կյանքը։
Գիրքը գրված է ականատեսի աչքերով, այլ ոչ թե հետազոտողի։ Հեղինակն անդրադառնում է Եգիպտոսի մշակույթի պատմության մեջ հայերի, ինչպես նաև հայ մշակույթի պատմության մեջ Եգիպտոսի դերին: Նա ներկայացրել է 1911 թվականին Մարտիրոս Սարյանի և Կոմիտաս Վարդապետի Եգիպտոս կատարած այցելություններին։ Այն նշանակալի հետք թողեց Սարյանի ստեղծագործության մեջ, որն այստեղ վրձնեց իր «Եգիպտական դիմակներ», «Քայլող կինը» և «Գիշերային բնանկար. Եգիպտոս» կտավները։ Հետաքրքիր է, որ Կոմիտաս Վարդապետը նույնպես նույն 1911-ին եղել է Եգիպտոսում, համերգներ և բանախոսություններ ներկայացրել Ալեքսանդրիայում և Կահիրեում։
Գրքի «Կահիրեն, որ հետս կապրի», «Վաշինգտոնը, որտեղ ապրում եմ» գլուխների խոսուն վերնագրերը վկայում են, որ այն գրված է փաստագրական հիմքով և գեղարվեստական շարադրանքով։ Ներկայացված են բազմաթիվ լուսանկարներ հեղինակի անձնական արխիվից։ Թովմաս Գորգիսյանի գիրքը արժեքավոր ներդրում է եգիպտահայ կյանքն ուսումնասիրողների համար: