Звоните
окт 09, 2026 Новости
Հոկտեմբերի 8-9-ը Հայաստանի ազգային գրադարանում անցկացվեց «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային երրորդ գիտաժողովը՝ նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի՝ Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին։ Երկօրյա գիտաժողովը համախմբեց աշխարհի 23 երկրներից ավելի քան 110 մասնակիցների՝ գրադարանային, գիտական, կրթական, արխիվային և մշակութային հաստատությունների ներկայացուցիչների։ Գիտաժողովի ծրագրում ընդգրկված էին 98 մասնագիտական զեկուցումներ, թեմատիկ քննարկումներ և աշխատարաններ, որոնց շրջանակում անդրադարձ կատարվեց մշակութային ու փաստագրական ժառանգության պահպանության, ուսումնասիրման և հանրահռչակման, գրադարանային կառավարման, թվային փոխակերպման և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հարցերին։ Գիտաժողովի նպատակն է խթանել միջազգային մասնագիտական երկխոսությունը, նպաստել տարբեր երկրների փորձի փոխանակմանը, ընդլայնել համագործակցության հնարավորությունները և համատեղ քննարկել մշակութային ժառանգության պահպանության ոլորտի արդիական մարտահրավերները։
Գիտաժողովի բացում և լիագումար նիստ Գիտաժողովի բացմանը մասնակիցներին ողջունեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։ Իր ելույթում նա անդրադարձավ Ոսկանյան Աստվածաշնչի հրատարակության պատմական նշանակությանը՝ ընդգծելով դրա բացառիկ դերը հայ գրավոր մշակույթի, ազգային ինքնության և մշակութային հիշողության պահպանման գործում։ Զուգահեռներ անցկացնելով 17-րդ դարի տպագրական հեղափոխության և ժամանակակից տեխնոլոգիական զարգացումների միջև՝ տնօրենը նշեց, որ ինչպես դարեր առաջ տպագրությունը նոր հնարավորություններ ստեղծեց գիտելիքի և մշակույթի տարածման համար, այնպես էլ այսօր թվային տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը փոխում են տեղեկատվության պահպանման և հասանելիության ապահովման ձևերը։ Այս փոփոխությունների պայմաններում գրադարանների առաքելությունը շարունակում է մնալ անփոփոխ՝ պահպանել գիտելիքը, մշակութային հիշողությունն ու ժառանգությունը և դրանք փոխանցել ապագա սերունդներին։ Աննա Չուլյանն առանձնահատուկ կարևորեց գրադարանների դերը՝ որպես վստահելի գիտելիքի և հավաստի տեղեկատվության պահպանման կենտրոններ՝ շեշտելով տեղեկատվական աղբյուրների արժանահավատության, մշակութային ժառանգության թվայնացման և բնօրինակների ֆիզիկական պահպանության համատեղ անհրաժեշտությունը։ Անդրադառնալով միջազգային համագործակցության ձեռքբերումներին՝ տնօրենը ներկայացրեց Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակի մատենագիտական գրառումների ինտեգրումը WorldCat միջազգային համակարգում, որի շնորհիվ ավելի քան 1,6 միլիոն հայկական մատենագիտական գրառում հասանելի է դարձել աշխարհի տարբեր երկրների հետազոտողներին և օգտատերերին։ Իր խոսքի ավարտին Աննա Չուլյանը շնորհակալություն հայտնեց գիտաժողովի միջազգային գործընկերներին՝ ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամին, OCLC-ին և EBSCO-ին՝ համագործակցության և գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու համար։ Գիտաժողովի պատվավոր խոսնակ, անվանի հայագետ և աստվածաբան Գերապայծառ Տ. Լևոն Արք. Զէքիեանը (Իտալիա) հանդես եկավ «Վերընթերցման փորձ մը Ոսկան Երեւանցու Աստուածաշունչի հրատարակութեան շրջադարձային նշանակութեան» թեմայով զեկուցմամբ։ Բանախոսը ներկայացրեց Ոսկանյան Աստվածաշնչի հրատարակության պատմամշակութային նշանակությունը՝ այն դիտարկելով ոչ միայն հայ տպագրության պատմության, այլև միջազգային մշակութային գործընթացների և փոխազդեցությունների համատեքստում։ Զեկուցման առանցքում Ոսկանյան Աստվածաշնչի հրատարակության վերարժևորումն էր՝ որպես հայ մտքի աշխարհայացքային ձգտումների և մշակութային զարգացման կարևոր արտահայտություն։ Լիագումար նիստում «Լուռ թիրախը. ինչու են ազգային գրադարանները ենթարկվում կիբերհարձակումների» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ կիբերանվտանգության ոլորտի փորձագետ, «Cybersecurity Redefined» կազմակերպության հիմնադիր Աննիկա Վեգենբաուերը (Գերմանիա)։ Նա անդրադարձավ ազգային գրադարանների և մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող հաստատությունների կիբերանվտանգության մարտահրավերներին՝ ներկայացնելով կիբերհարձակումների պատճառները, հնարավոր հետևանքները և տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանության կարևորությունը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց թվային հավաքածուների անվտանգության ապահովմանը և հանրային վստահության պահպանմանը։ Բացման հանդիսավոր արարողության շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը շնորհակալագրեր և գրադարանի հիմնադրման 105-ամյակին նվիրված կրծքանշաններ հանձնեց գիտաժողովի պատվավոր խոսնակ Գերապայծառ Տ. Լևոն Արք. Զէքիեանին, կիբերանվտանգության փորձագետ Աննիկա Վեգենբաուերին և OCLC-ի Հարավային Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Քրիստիան Նեգրելին (Ֆրանսիա)՝ ի գնահատումն նրանց մասնակցության և մասնագիտական համագործակցության։
Մասնագիտական նիստեր Գիտաժողովի երկօրյա աշխատանքները շարունակվեցին զուգահեռ մասնագիտական նիստերով, որոնց ընթացքում տարբեր երկրների գիտնականներ, գրադարանավարներ, արխիվագետներ և մշակութային ժառանգության պահպանության ոլորտի մասնագետներ ներկայացրին իրենց հետազոտությունները, իրականացված ծրագրերն ու մասնագիտական փորձը։ Միայն առաջին օրվա մասնագիտական ծրագրի շրջանակում զեկուցումներով հանդես եկավ 41 մասնակից։ Մասնագիտական քննարկումների առանցքային թեմաներից էր «Աստվածաշունչը՝ որպես մշակութային ժառանգություն»։ Զեկուցողները ներկայացրին Աստվածաշնչի պատմամշակութային նշանակությունը, դրա տեղը հայ և համաշխարհային գրավոր ժառանգության մեջ, ինչպես նաև աստվածաշնչյան հրատարակությունների ուսումնասիրման, պահպանության և հանրահռչակման կարևորությունը։ «Սփյուռքի ժառանգության պահպանություն և հանրահռչակում» խորագրով նիստերում անդրադարձ կատարվեց հայկական Սփյուռքի մշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրման և հանրությանը հասանելի դարձնելու խնդիրներին։ Քննարկվեցին սփյուռքյան հավաքածուների հետազոտման, մշակութային արժեքների ներկայացման և միջազգային մասնագիտական համագործակցության զարգացման հնարավորությունները։ «Ժառանգության թվային փոխակերպում» թեմայով զեկուցումները նվիրված էին մշակութային և փաստագրական ժառանգության թվայնացմանը, թվային հավաքածուների ձևավորմանը, տեղեկատվական համակարգերի արդիականացմանը և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը։ Ընդգծվեց թվային գործիքների դերը մշակութային արժեքների երկարաժամկետ պահպանության և միջազգային հասանելիության ընդլայնման գործում։
«Ազգային տպագիր ժառանգության պահպանություն և հանրահռչակում» խորագրով նիստերում ներկայացվեցին հայկական գրատպության պատմությանը, հնատիպ և հազվագյուտ հրատարակությունների ուսումնասիրմանը, ազգային մատենագիտական ռեսուրսների զարգացմանն ու տպագիր հավաքածուների պահպանությանը վերաբերող հետազոտություններ։ Առանձին ուշադրության արժանացան «Ազգային ժառանգության պահպանություն և հանրահռչակում. ԱՊՀ գրադարաններ» խորագրով նիստերը։ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի գրադարանների ներկայացուցիչները ներկայացրին իրենց երկրներում ազգային գրավոր և տպագիր ժառանգության պահպանության, մատենագիտական ռեսուրսների զարգացման և գրադարանային համակարգերի թվային փոխակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Զեկուցումներում քննարկվեցին ազգային մատենագիտության զարգացման, գրավոր հուշարձանների ուսումնասիրման, գրադարանային տեղեկատվական համակարգերի արդիականացման, մշակութային դիվանագիտության և գրադարանային կրթության մեջ արհեստական բանականության կիրառման հնարավորությունները։ Անդրադարձ կատարվեց նաև կանանց գրական ժառանգության հանրահռչակմանը, ընթերցանության մշակույթի խթանմանը, գրադարանների՝ որպես հասարակամշակութային կենտրոնների գործունեությանը, միջոլորտային համագործակցությանը և ներառական գրադարանային ծառայությունների զարգացմանը։ «Մասնագիտական զարգացում և կառավարում» խորագրով նիստերում Հայաստանի, ԱՄՆ-ի, Պորտուգալիայի և Բուլղարիայի մասնագետները ներկայացրին գրադարանային կառավարման, մասնագիտական կարողությունների զարգացման և կրթական ու հետազոտական ծառայությունների կատարելագործման ժամանակակից մոտեցումները։ Քննարկումների շրջանակում անդրադարձ կատարվեց գրադարանային խորհրդատվական հանձնաժողովների գործունեությանը, վիճակագրական տվյալների կիրառմանը կառավարման գործընթացներում, մշակութային դիվանագիտության հնարավորություններին և գրադարանային հավաքածուների հիման վրա հետազոտական ծառայությունների զարգացմանը։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց հեղինակային իրավունքի և մտավոր սեփականության պաշտպանության հարցերին, թվային միջավայրում տեղեկատվության օգտագործման իրավական կարգավորումներին, արհեստական բանականության կիրառմանն առնչվող մարտահրավերներին և գրադարանային մասնագիտական էթիկային։ Ներկայացվեցին նաև դպրոցական և ակադեմիական գրադարանների համագործակցության փորձը, ընթերցանության դերը բարձրագույն կրթության համակարգում և արխիվային ոլորտի թվային փոխակերպման պայմաններում մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը։ «Ազգային վիզուալ ժառանգության պահպանություն և հանրահռչակում» խորագրով նիստում հայաստանյան գիտական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչները ներկայացրին պատմամշակութային հուշարձանների, հայկական տպագրական արվեստի և ճարտարապետական ժառանգության ուսումնասիրմանն ու պահպանությանը նվիրված հետազոտություններ։ Զեկուցումներն անդրադարձան Վաղարշապատի տպարանի փորագրանկարներում Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատկերագրությանը, Ոսկան Երևանցու գործունեությանը, հայ ճարտարապետների ստեղծագործություններում տառարվեստի դրսևորումներին, ինչպես նաև թանգարանային հավաքածուների թվայնացման նշանակությանը։ «Ազգային ժառանգության պահպանություն և հանրահռչակում. լեզու» խորագրով նիստում ներկայացվեցին հայոց լեզվի, գրականության և մատենագրական ժառանգության պատմալեզվաբանական ու մշակութաբանական ուսումնասիրություններ։ Բանախոսներն անդրադարձան հայատառ թուրքերեն կրոնական գրականության առանձնահատկություններին, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի լեզվական շերտերին, Գրիգոր Տաթևացու աստվածաշնչյան մեկնություններին, Հովհան Ոսկեբերանի թարգմանական ժառանգությանը, ինչպես նաև միջնադարյան հայ գրականության բառապաշարի և լեզվամշակութային փոխազդեցությունների հարցերին։ «Փաստաթղթերի պահպանություն, խնամք և վերականգնում» խորագրով նիստում Հայաստանի, Չեխիայի և Ֆիջիի մասնագետները ներկայացրին գրադարանային ու արխիվային հավաքածուների պահպանության և վերականգնման ոլորտում իրականացվող հետազոտություններն ու մասնագիտական փորձը։ Զեկուցումներում քննարկվեցին թթվայնացված թղթի վերականգնման և զանգվածային թթվազերծման մեթոդները, հնատիպ ու հազվագյուտ գրականության ֆոնդերում միկրոսնկերի ազդեցության ուսումնասիրությունը, գրքերի վերականգնման առանձնահատկությունները, ինչպես նաև տպագիր, ձեռագիր և տեսալսողական նյութերի պահպանության ռազմավարություններն ու մարտահրավերները։ Մասնագիտական նիստերի ընթացքում ներկայացված հետազոտություններն ու քննարկումները հնարավորություն տվեցին համադրելու տարբեր երկրների փորձը, բացահայտելու ոլորտի ընդհանուր խնդիրները և դիտարկելու մշակութային ժառանգության պահպանության ու հանրահռչակման նոր մոտեցումներ։
Մասնագիտական աշխատարաններ Գիտաժողովի ծրագրի կարևոր բաղադրիչն էին միջազգային մասնագիտական կազմակերպությունների՝ Հայ գրադարանավարների և արխիվագետների միջազգային ասոցիացիայի (IAALA), EBSCO-ի և OCLC-ի աշխատարանները։ Դրանք հնարավորություն ընձեռեցին մասնակիցներին ծանոթանալու գրադարանային և արխիվային ոլորտների ժամանակակից գործիքներին, տեղեկատվական համակարգերի զարգացման միտումներին և միջազգային համագործակցության գործնական հնարավորություններին։ Հայ գրադարանավարների և արխիվագետների միջազգային ասոցիացիայի (IAALA) աշխատարանի ընթացքում քննարկվեցին գրադարանային և արխիվային ոլորտներում մասնագիտական փորձի փոխանակման, միջազգային կապերի ամրապնդման և համագործակցության ընդլայնման հարցերը։ «EBSCO շտեմարանները հետազոտության և կրթության համար արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով աշխատարանը վարեցին Իրինա Սերժանը և Ալեքսանդր Ռիտովը (ԱՄՆ)։ Աշխատարանի մասնակիցներին ներկայացվեցին EBSCO տեղեկատվական հարթակի հնարավորությունները, գիտական և կրթական էլեկտրոնային ռեսուրսների որոնման ու արդյունավետ օգտագործման ժամանակակից մոտեցումները։ Անդրադարձ կատարվեց նաև արհեստական բանականության զարգացման պայմաններում տեղեկատվական ռեսուրսների դերին և դրանց կիրառությանը հետազոտական ու կրթական գործընթացներում։
«Ազգային հավաքածուներից դեպի համաշխարհային բացահայտում. WorldCat-ի տեխնիկական փուլերը և տվյալների մշակումը» խորագրով OCLC-ի աշխատարանը վարեց կազմակերպության ներկայացուցիչ Օմար Ֆարհուդը (Ֆրանսիա)։ Աշխատարանի ընթացքում ներկայացվեցին ազգային գրադարանային հավաքածուների՝ միջազգային տեղեկատվական համակարգերում ընդգրկման հնարավորությունները, WorldCat համաշխարհային մատենագիտական հարթակում տվյալների մշակման և ինտեգրման տեխնիկական գործընթացները։ Քննարկվեցին նաև մատենագիտական տեղեկատվության փոխանակման, գրադարանային ռեսուրսների միջազգային տեսանելիության բարձրացման և հավաքածուների հասանելիության ընդլայնման հարցերը։ Աշխատարանները գիտաժողովի մասնակիցներին հնարավորություն տվեցին ոչ միայն ծանոթանալու միջազգային մասնագիտական փորձին, այլև քննարկելու ներկայացված տեխնոլոգիական լուծումների և տեղեկատվական գործիքների կիրառման հնարավորությունները գրադարանային ամենօրյա աշխատանքում։
Ոսկանյան Աստվածաշնչին նվիրված ցուցադրություն Գիտաժողովի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքի Մեծ ցուցասրահում բացվեց թեմատիկ ցուցադրություն՝ նվիրված հայկական գրատպության հարուստ ժառանգությանը և Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության սկզբի 360-ամյակին։ Ցուցադրությանը ներկայացված էին Աստվածաշնչի հնատիպ հրատարակություններ, հայատառ թուրքերեն գրքեր, ինչպես նաև Ոսկանյան Աստվածաշնչի երեք տարբեր հրատարակություններ։ Ներկայացված արժեքավոր նմուշները հնարավորություն ընձեռեցին գիտաժողովի մասնակիցներին և այցելուներին ծանոթանալու Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուում պահպանվող տպագիր ժառանգությանը, բացահայտելու դրա պատմամշակութային նշանակությունը և նորովի արժևորելու հայկական գրատպության դերը ազգային մշակույթի, լեզվի և հոգևոր ժառանգության պահպանման գործում։ Ցուցադրությունը նաև խորհրդանշականորեն ամբողջացրեց գիտաժողովի հիմնական գաղափարը՝ ընդգծելով, որ մշակութային ժառանգության պահպանումը ոչ միայն անցյալի արժեքների ուսումնասիրություն է, այլև դրանց շարունակական փոխանցում ապագա սերունդներին։ «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային երրորդ գիտաժողովն առանձնացավ քննարկված թեմաների բազմազանությամբ, մասնակիցների լայն աշխարհագրությամբ և մասնագիտական համագործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնություններով։ Երկօրյա աշխատանքների ընթացքում ներկայացված զեկուցումները, քննարկումներն ու աշխատարանները հնարավորություն տվեցին համադրելու մշակութային և փաստագրական ժառանգության պահպանության տարբեր մոտեցումները, փոխանակելու մասնագիտական փորձը և քննարկելու ոլորտի արդիական խնդիրների լուծման հնարավոր ուղիները։
Գիտաժողովի կարևոր շեշտադրումներից էին թվային փոխակերպումը, արհեստական բանականության կիրառումը, տեղեկատվական անվտանգությունը, միջազգային մատենագիտական համակարգերի զարգացումը և մշակութային ժառանգության ֆիզիկական պահպանության ու թվային հասանելիության փոխլրացնող նշանակությունը։ Քննարկումները վերահաստատեցին, որ ժամանակակից գրադարանների գործունեությունը չի սահմանափակվում միայն հավաքածուների պահպանությամբ։ Գրադարանները նաև գիտելիքի հասանելիության, տեղեկատվության հավաստիության, գիտական հետազոտությունների և մշակութային ժառանգության միջազգային ներկայացվածության ապահովման կարևոր կենտրոններ են։ Առանձնահատուկ նշանակություն ունեցավ նաև Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության սկզբի 360-ամյակի արժևորումը։ Գիտաժողովը հնարավորություն ընձեռեց հայկական գրավոր և տպագիր ժառանգությունը դիտարկելու համաշխարհային մշակութային պատմության, ժամանակակից գիտական հետազոտությունների և միջազգային համագործակցության համատեքստում։ Ամփոփելով երկօրյա աշխատանքները՝ կարելի է արձանագրել, որ «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային երրորդ գիտաժողովը դարձավ մասնագիտական երկխոսության, գիտական հետազոտությունների ներկայացման, փորձի փոխանակման և միջազգային համագործակցության ընդլայնման կարևոր հարթակ։
Հայաստանի ազգային գրադարանում անցկացված գիտաժողովը ևս մեկ անգամ ընդգծեց, որ մշակութային և փաստագրական ժառանգության պահպանումը համատեղ պատասխանատվություն է, որը պահանջում է գիտական հետազոտությունների շարունակականություն, մասնագիտական կարողությունների զարգացում, ժամանակակից տեխնոլոգիաների նպատակային կիրառում և միջազգային համագործակցության ամրապնդում։
