НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Թումանյանի հոբելյանը նշվեց գրական ցուցադրությամբ և մատենագիտական ներկայացմամբ

мар 23, 2026 Мероприятия

IMG-0387-1-1

Հովհաննես Թումանյանի ծննդյան 157-ամյակի առթիվ Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում՝ մատենագիտական տեսություն և գրականության ցուցադրություն։ Թամանյանական մեծ ցուցասրահում բացվել էր «Թումանյանը՝ օտարալեզու թարգմանություններում» խորագրով գրականության ցուցադրություն, որտեղ ներկայացված էին Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներում առկա Թումանյանի՝ 30-ից ավել լեզուներով թարգմանված գործեր։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի վարիչ Անահիտ Նալբանդյանը, ով անդրադարձավ Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանի հարուստ հավաքածուին և Գիրք նվիրելու տոնի կարևորությանը։ Հանդիպմանը խոսվեց Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի կողմից կազմված «Հովհաննես Թումանյան. 1969թ.» հոբելյանական մատենագիտության մասին։

Գրքի կազմողներն են բաժնի մատենագետներ Անուշ Ամիրջանյանը, Օլյա Աղայանը և Կարինե Ներսիսյանը։ Օտարալեզու հատվածի պատասխանատու Կարինե Ներսիսյանը ներկայացրեց ձեռնարկում ընդգրկված թարգմանությունների աշխարհագրությունը, օտար աղբյուրների հավաքագրման և նույնականացման բարդությունները, ինչպես նաև տարբեր լեզուներով նույն ստեղծագործությունների տարբերակների ճշգրտման մանրակրկիտ աշխատանքը՝ ընդգծելով Թումանյանի միջազգային ճանաչման ծավալն ու թարգմանական ժառանգության նշանակությունը։ Նրա խոսքով՝ ձեռնարկը փաստագրորեն ներկայացնում է Թումանյանի 100-ամյակի տոնակատարությունները՝ ընդգրկելով այդ տարում հրատարակված գրքերը, պարբերական մամուլում և ժողովածուներում լույս տեսած ստեղծագործությունները, ինչպես նաև նրա մասին հրապարակումները, հրավիրատոմսերը, ազդագրերն ու ծրագրերը։

Հատուկ շեշտադրվեց Թումանյանի ստեղծագործությունների թարգմանությունների թեման։ Նրա գործերը հոբելյանական տարում՝ պետական ծրագրի շրջանակում, թարգմանվել են ԽՍՀՄ 15 հանրապետությունների գրեթե բոլոր լեզուներով։ Թումանյանի հեքիաթները, պոեմները, բանաստեղծություններն ու քառյակները հասանելի են դարձել աշխարհի տարբեր ժողովուրդների ընթերցողներին՝ ռուսերեն, վրացերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, բելառուսերեն, ղազախերեն, ուկրաիներեն, քրդերեն և բազմաթիվ այլ լեզուներով։ Թարգմանական աշխատանքի բարդությունն ու պատասխանատվությունը առանձնահատուկ տեղ են զբաղեցրել մատենագիտական ուսումնասիրության մեջ։ Նույն ստեղծագործության տարբեր լեզուներով և տարբեր վերնագրերով տարբերակների ճշգրտումը, աղբյուրների որոնումն ու նույնականացումը պահանջել են երկարատև և մանրակրկիտ աշխատանք։ Բացված ցուցադրությունը ևս մեկ անգամ վկայում է, որ Թումանյանի ստեղծագործությունները շարունակում են միավորել մշակույթներ և սերունդներ՝ ներկայացնելով հայ գրականությունը համաշխարհային ընթերցողին։