Звоните
июл 16, 2026 Новости

Հայաստանի ազգային գրադարանի և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության համագործակցության շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի Ընդհանուր ընթերցասրահում պաշտոնապես բացվեց Իրանական գրականության անկյունը։ Ողջունելով նախաձեռնությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին ընդգծեց, որ գրականությունն ու մշակույթը ժողովուրդների միջև փոխըմբռնման և բարեկամության ամրապնդման կարևոր կամուրջներ են, իսկ Իրանական գրականության անկյան ստեղծումը նոր հնարավորություններ կստեղծի հայ-իրանական մշակութային համագործակցության զարգացման համար։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը կարևորեց նման նախաձեռնությունների իրականացումը՝ նշելով, որ դրանք նպաստում են մշակութային երկխոսության խորացմանը, մշակութային ժառանգության հանրահռչակմանը և միջազգային համագործակցության ընդլայնմանը։ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն իր խոսքում նշեց. -Վստահաբար կարող եմ ասել, որ այս գրականությունը ծառայելու է իր նպատակին՝ հասանելի լինելով ինչպես իրանցի ընթերցողներին, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են իրանական գրականությամբ, մշակույթով, պատմությամբ, լեզվով և քաղաքակրթությամբ։ Մենք նույնպես պատրաստակամ ենք աջակցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային գրադարան և արխիվում ձևավորված հայերեն գրականության հավաքածուի համալրմանը՝ այն դիտարկելով որպես մեր մշակութային համագործակցության կարևոր ուղղություններից մեկը։
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության կողմից Հայաստանի ազգային գրադարանին հանձնվեց 293 միավոր գրականություն, որոնց թվում են հանրագիտարաններ, բառարաններ, գիտական աշխատությունների ժողովածուներ, ուսումնական ձեռնարկներ, կրոնական գրականություն, պոեզիայի ժողովածուներ, ժամանակակից գեղարվեստական գրականություն և այլ հրատարակություններ։ Ներկայում Հայաստանի ազգային գրադարանում գրանցված են շուրջ 650 իրանցի ընթերցողներ, որոնք ակտիվ օգտվում են գրադարանի ծառայություններից։ Միաժամանակ իրանական գրականության հավաքածուն լայնորեն օգտագործվում է նաև հայ ընթերցողների, հետազոտողների, ուսանողների, դասախոսների և թարգմանիչների կողմից, ովքեր ուսումնասիրում են իրանական մշակույթը, գրականությունը, լեզուն, պատմությունն ու արևելագիտության հարակից ոլորտները։ Հայաստանի ազգային գրադարանում առկա է իրանական գրականության հարուստ և բազմաբովանդակ հավաքածու, որն ընդգրկում է 1780-ական թվականներ մինչև մեր օրերը հրատարակված գրքեր։ Հավաքածուում ներառված են պարսկերեն բնագրեր, հայերեն թարգմանություններ, ինչպես նաև հայերենից պարսկերեն թարգմանված հրատարակություններ՝ արտացոլելով հայ-իրանական գրական և մշակութային փոխգործակցության տարբեր փուլերը։
Վերոնշյալ հրատարակությունները ներկայացնում են 18-19-րդ դարերի իրանական և իրանագիտական գրատպության արժեքավոր նմուշներ և հանդիսանում են Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ հավաքածուի բաղկացուցիչ մասը։ Իրանական գրականության անկյան ստեղծումը նպատակ ունի խթանել հայ-իրանական մշակութային և գիտակրթական համագործակցությունը, ապահովել իրանական գրականության և մշակույթի առավել լայն հասանելիությունը, ինչպես նաև նպաստել իրանագիտության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների զարգացմանը։
