Звоните
июл 10, 2026 Мероприятия

#Բացառիկ_ցուցադրություն՝ նվիրված հայ փայտարվեստի մեծանուն վարպետ Հովհաննես Նաղաշյանի 150-ամյակին Այսօր Հայաստանի ազգային գրադարանի Պատմության ցուցասրահում բացվեց հայ փայտարվեստի նշանավոր վարպետ, հայկական կահույքաշինության հիմնադիր Հովհաննես Նաղաշյանի ծննդյան 150-ամյակին նվիրված բացառիկ ցուցադրությունը, որն իրականացվում է Երևանի պատմության թանգարան /Музей истории Еревана/ Yerevan History Museum հետ համատեղ։ Ցուցադրությունը եզակի հնարավորություն է մեկ վայրում տեսնելու Հովհաննես Նաղաշյանի ստեղծագործական ժառանգության բացառիկ նմուշները։ Հայաստանի ազգային գրադարանը ներկայացրել է վարպետի նախագծած և իր ձեռքով ստեղծված կահույքի նմուշները՝ գրապահարաններ, գրասեղան, ցուցափեղկեր, պատվանդաններ, բազմոց, ցուցատախտակ և այլ արժեքավոր առարկաներ, որոնք շուրջ մեկ դար շարունակ պահպանվել են գրադարանում և այսօր էլ շարունակում են զարդարել նրա սրահները։
Հպարտությամբ կարող ենք փաստել, որ Հայաստանի ազգային գրադարանը եզակի մշակութային կառույցներից է, որն այսօր ոչ միայն օգտագործում, այլև որպես թանգարանային արժեք պահպանում և հանրությանը ներկայացնում է Հովհաննես Նաղաշյանի ստեղծած ինքնատիպ կահույքը՝ պահպանելով նրա արվեստի կենդանի ներկայությունը։ Երևանի պատմության թանգարանի հավաքածուից ցուցադրությանը ներկայացվել են Հովհաննես Նաղաշյանի բնօրինակ էսքիզներ, աշխատանքային գործիքներ, անձնական օգտագործման իրեր, լուսանկարներ, փաստաթղթեր և բազմաթիվ այլ արժեքավոր նյութեր, որոնք ամբողջացնում են մեծ վարպետի ստեղծագործական դիմանկարը։
Ցուցահանդեսի բացմանը մասնակիցներին ողջունեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։ Իր խոսքում նա ընդգծեց Հովհաննես Նաղաշյանի բացառիկ ավանդը հայկական կիրառական արվեստի և կահույքաշինության զարգացման գործում՝ նշելով, որ տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ այսօր գրադարանի Պատմության ցուցասրահը, ինչպես նաև մյուս ցուցասրահները շարունակում են պահպանել և ներկայացնել Նաղաշյանի ստեղծած անգնահատելի կահույքի նմուշները՝ որպես ազգային մշակութային ժառանգության կարևոր մաս։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև Հովհաննես Նաղաշյանի ընտանիքի ներկայացուցիչները՝ թոռնուհի Անուշ Կարապետյանը, ծոռնուհիներ Արևիկ Աշխարոյանը և Լիանա Մնացականյանը։ Վերջինս շնորհակալություն հայտնեց նախաեռնության համար և անձամբ տնօրեն Աննա Չուլյանին՝ ընդգծելով, որ սովորաբար հենց ժառանգներն են նախաձեռնում իրենց նախնիների ստեղծագործական ժառանգության հանրահռչակումը, մինչդեռ այս դեպքում այդ պատասխանատվությունն իր վրա է վերցրել մշակութային հաստատությունը։ «Մեզ համար սա մեծ հպարտություն և անակնկալ է։ Մենք անկեղծորեն ուրախ ենք, որ մեր պապի ստեղծագործական ժառանգությունն այսօր ներկայացվում է այսպիսի հոգատարությամբ և արժանի վերաբերմունքով։ Այս նախաձեռնությունը լավագույն օրինակն է, թե ինչպես կարելի է պահպանել և նոր կյանք հաղորդել ազգային մշակութային արժեքներին»,- նշեց Լիանա Մնացականյանը։
