НАЦИОНАЛЬНАЯ БИБЛИОТЕКА АРМЕНИИ

Звоните

Համաստեղ 130

окт 16, 2025 Мероприятия

IMG-0387-1-1

 

Հայաստանի ազգային գրադարանը միացել է սփյուռքահայ արձակագիր Համաստեղի (Համբարձում Կելենյան) ծննդյան 130-ամյակին նվիրված միջոցառումների շարքին՝ կազմակերպելով գրականության ցուցադրություն։ Գիտական և ընթացիկ մամուլի ընթերցասրահի աշխատակազմի նախաձեռնությամբ ներկայացվել է գրողի գրեթե ողջ գրական ժառանգությունը։ Ցուցադրությունը ներկայացրեց Գիտական ընթերցասրահի ենթաբաժնի վարիչ Արևիկ Զախարյանը։

Համաստեղը հայ արձակի այն ներկայացուցիչներից է, ով իր ստեղծագործություններով ձևավորեց սփյուռքահայ գրական մտածողության նոր որակ։ Նրա պատմվածքներն ու վիպակները՝ «Գիւղը», «Անձրև», «Մարդիկ և հող», «Կեանքն ու քամին», աչքի են ընկնում իրականության խորը ընկալմամբ, պարզ, բայց ներաշխարհով հարուստ կերպարներով։ Նրա գործերում հնչում է հայ գյուղի ցավն ու հավատը, հողի ու հիշողության անքակտելի կապը։

Միջոցառման շրջանակում հանրային դասախոսությամբ հանդես եկավ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտա Խաչատրյանը, ով ընդգծեց. «Համաստեղի գրական վաստակը մեր հոգևոր մշակույթի ձեռքբերումներից է՝ որպես հայի գոյատևելու իրավունքի հաստատում։ Նրա հերոսների մարդկային նկարագիրն ամբողջանում է հայի ազգային խառնվածքով։ Եկե՛ք լավ հասկանանք Համաստեղի գրական դասերը՝ հանուն այսօրվա և վաղվա սերունդների հայ ապրելու իրավունքի»։ Ցուցադրությունը բաց կլինի մեկ շաբաթ։