Call us

Հանրային դասախոսություն | Հայկուհի Սահակյան «Վարդգես Սուրենյանցի մատենանկարչությունը»

Apr 16, 2025 Events Public lecures

IMG-0387-1-1

 

Ազգային գրադարանային շաբաթվա ծրագրի շրջանակում այսօր Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական օղակաձև սրահում տեղի ունեցավ «Վարդգես Սուրենյանցի մատենանկարչությունը» թեմայով հանրային դասախոսություն և գրքերի ցուցադրություն։ Բանախոսն էր Հայաստանի ազգային պատկերասրահի Հայկական գեղանկարչության բաժնի վարիչ Հայկուհի Սահակյան։

Վարդգես Սուրենյանցը Նոր շրջանի հայ կերպարվեստի ականավոր դեմքերից է: «Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում կրթություն ստացած արվեստագետը տիրապետում էր մի շարք օտար լեզուների, զբաղվում եվրոպական հեղինակների գրական ստեղծագործությունների և գիտական աշխատությունների թարգմանությամբ: Նա մշտապես եղել է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Երևանի ու Թիֆլիսի գեղարվեստական կյանքի ամենագործուն դեմքերից և իրավամբ համարվում է պատմական ժանրի ու ազգային գրքարվեստի արդի ոճի հիմնադիրը հայ կերպարվեստում»,-նշեց նա:

Սուրենյանցի ամենամտերիմ բարեկամը հայ մտավորականներից եղել է Ալեքսանդր Ծատուրյանը։ Վերջինիս հասցեագրված բազմաթիվ նամակներից պարզվում է, որ իր նյութական ծանը օրերին նա հաղորդակցել է միայն Ալեքսանդր հետ։ Նա Ծատուրյանին պատկերել է Պեգասի վրա նստած։

Սուրենյանցը բազմաթիվ անգամ հանդիպել է Հովհաննես Թումանյանի հետ, համակրել է Թիֆլիսի հայկական թատերական ընկերության գործունեությանը, նրանց տրամադրել է իր կատարած Շեքսպիրի պիեսների թարգմանությունները։ Թումանյանի երեխաներ վկայությամբ, երբ 1912 թվականին Թումանյանը բանտից դուրս է եկել, Սուրենյանցը նկարել է Թումանյանի դիմանկարը։

Վարդգես Սուրենյանցը մտերիմ հարաբերություններ է ունեցել Հովհաննես Այվազովսկու հետ, որը հաճախ է խրախուսել Սուրենյանցին։ Սուրենյանցը բազմաթիվ հանդիպումներ և զրույցներ է ունեցել ծովանկարչի հետ, որի մասին վկայել է ինքը՝ «Հայ արվեստագետների միության» բացման ժողովի շնորհավորական խոսքում։ Հովհաննես Այվազովսկու մահից հետո Սուրենյանցը պատրաստել է նրա կիսանդրին։

Հայկուհի Սահակյանը խոսեց նաև Սուրենյանցի նկարազարդած մատենանիշերի (Էքսլիբրիսների), գրքային և մամուլի ձևավորումների, մասին։ Միջոցառման ավարտին Հայկուհի Սահակյանը Ազգային գրադարանին նվիրեց Հայաստանի ազգային պատկերասրահի հրատարակած «Արշակ Ֆեթվաճյան. Մշակութային եղեռնից փրկված ճարտարապետական մասունքներ» աշխատությունը, որը հրատարկվել է 2015 թվականին։