Call us

Մեդիագրագիտության վերապատրաստման դասընթաց

Dec 05, 2025 News

IMG-0387-1-1

#մեդիագրագետ_գրադարանավար Հայաստանի ազգային գրադարանը շարունակում է իրականացնել գրադարանավարների մեդիագրագիտության կարողությունների զարգացմանն ուղղված հետևողական աշխատանք։ Դեկտեմբերի 3-5-ը ՀԱԳ-ում անցկացվեց «Մեդիագրագետ գրադարանավար» խորագրով եռօրյա վերապատրաստման դասընթաց, որին մասնակցեցին 11 գրադարանավար։ Դասընթացը վարեց ՀԱԳ Հանրային կապերի բաժնի վարիչ Արմինե Վարդանյանը։ Այս նախաձեռնությունը ձևավորում է մասնագիտական միջավայր, որտեղ տեղեկատվության հետ աշխատող մասնագետները ոչ միայն տիրապետում են դասական գրադարանային գործառույթներին, այլև կարողանում են արդյունավետ կողմնորոշվել այսօր գործող բարդ մեդիա դաշտում։

Անդրադարձ կատարվեց մեդիայի դերին, ապատեղեկատվության տարածման մեխանիզմներին և մեդիագրագիտության կարևորությանը։ Քննարկումները կենտրոնացած էին աղբյուրների ստուգման, փաստերի վերլուծության, անձնական տվյալների պաշտպանության և անվտանգ համացանցային վարքի վրա։ Մասնակիցները ուսումնասիրեցին դավադրությունների տեսությունների ազդեցությունը հանրային կարծիքի ձևավորման վրա, ինչպես նաև դիտեցին թեմատիկ ֆիլմ, որը հնարավորություն տվեց վերլուծել մեդիայի ազդեցության գործիքները։

Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է դեպի ժամանակակից գրադարանավարի դերի վերարժևորում․ այն ընդգծում է, որ գրադարանները ոչ միայն տեղեկատվության պահպանման և մատուցման հաստատություններ են, այլև մեդիագրագիտության տարածման ու հանրության կրթական կարողությունների ամրապնդման հարթակներ։ Դասընթացի ավարտին գրադարանավարներին հանձնվեցին վերապատրաստման դասընթացի մասնակցության հավաստագրեր։