Call us
Dec 01, 2025 News

Նոյեմբերի 27-30-ը Հայաստանի ազգային գրադարանը, որպես գործընկեր կառույց մասնակցում է «Հայկական միջազգային առողջապահական ցուցահանդես 2025»-ին Armenian International Healthcare Expo 2025։ Ցուցադրությունում ներկայացված են Երևանում լույս տեսած, հայ հեղինակների առողջապահության ոլորտին առնչվող մասնագիտական և գիտական աշխատություններ, գրքեր, ժողովածուներ, ուսումնասիրություններ։ Ցուցադրության մաս են կազմում նաև Երևանում լույս տեսած մի շարք առողջապահական ամսագրեր։

Ցուցադրվող նյութերի ժամանակաշրջանն ընդգրկում է 1879 թվականից մինչև 2025 թվականը, ներկայացնելով առողջապահական միտումների ու գիտական մտքի զարգացումը շուրջ մեկուկես դարերի ընթացքում։ Կան նաև փոքրիկ բրոշյուրներ, որոնք հնարավորություն են տալիս այցելուներին պատկերավոր ծանոթանալ Հայաստանի ազգային գրադարանում պահվող հնատիպ և բացառիկ բժշկագիտական գրքերին, որոնք ցուցադրության շրջանակում ֆիզիկապես ներկայացված չեն։ Գրքի շապիկների պատկերներին կից QR կոդերի միջոցով այցելուները կկարողանան առցանց ընթերցել և ուսումնասիրել այդ հրատարակությունները ՀԱԳ-ի «Հայ գիրք» https://haygirk.nla.am/ և «Հայ մամուլ» https://tert.nla.am/ էլեկտրոնային շտեմարաններում։

Բացի այդ, ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեն անմիջապես տեղում՝ առանց գրադարան այցելելու, ընդամենը մի քանի րոպեում ձեռք բերել Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողական տոմս։ Նոյեմբերի 27–30, 2025 Մերիդիան էքսպո կենտրոն, Երևան ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է
