Call us
Sep 30, 2025 News
Սեպտեմբերի 30-ին Հայաստանի ազգային գրադարանում հանդիսավորությամբ բացվեց «Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարանների համար» (EIFL) միջազգային կազմակերպության տարեկան համաժողովը։ Այն Հայաստան է բերել 48 երկրների գրադարանային ոլորտի և հեղինակավոր գիտական հրատարակչությունների ներկայացուցիչների։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, Հայաստանի Թվային գրադարանների ասոցիացիայի նախագահ Աննա Չուլյանը, ով ընդգծեց բաց հասանելիության և բաց գիտության սկզբունքներին Հայաստանի հանձնառության նշանակությունը։ Այնուհետև մասնակիցներին ողջունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը. նա նշեց EIFL-ի հետ համագործակցության կարևորությունը Հայաստանի գիտական և կրթական համակարգերի զարգացման գործում։
Մասնակիցներին ողջունեց EIFL-ի կառավարման խորհրդի նախագահ Էմիլիա Բանիոնիտեն, իսկ EIFL-ի տնօրեն Ռիմա Կուպրիտեն ներկայացրեց կազմակերպության ընթացիկ ծրագրերի թարմացումները։ Ավելին՝EIFL-ի տարբեր նախաձեռնությունների վերաբերյալ ելույթներով հանդես եկան ծրագրերի համակարգողները․ •Իրինա Կուչմա - Հանրահասանելի տեղեկատվություն (EIFL-OA) •Թերեզա Հակեթ- Հեղինակային իրավունք և գրադարաններ (EIFL-IP) •Բրիտ-Մարի Վիդեբերգ-Բանակցություններ և արտոնագրում (EIFL-Licensing) •Ռամունե Պետուչովայտե-Հանրային գրադարանների նորարարական ծրագիր (EIFL-PLIP)
Համաժողովի առաջին օրն ընդգրկեց մի շարք թեմատիկ նիստեր․ «Հանրահասանելի գիտությունը և տեղեկատվությունը Հայաստանում» Ելույթ ունեցան Ռաֆայել Բարխուդարյանը (ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր) և Աննա Չուլյանը (ՀԱԳ տնօրեն), ովքեր ներկայացրին հանրահասանելի գիտական հանդեսների, պահոցների և ազգային քաղաքականությունների ներկայիս վիճակը։ «Հանրահասանելի գիտության և գիտահետազոտական գնահատման բարեփոխումներ» Ֆրանսիայի և Նիդեռլանդների փորձի մասին խոսեցին Ան-Կատերին Ֆրիցինգերը (Սորբոնի համալսարան) և Յերոեն Բոսմանը (Ուտրեխտի համալսարան)։ Ներկայացվեց, թե ինչպես են Սորբոնում դադարեցվել Web of Science-ի և Clarivate-ի գործիքակազմի բաժանորդագրությունները՝ անցում կատարելով բաց և անվճար հարթակների, մասնավորապես OpenAlex-ի։ Ուտրեխտի համալսարանի փորձը ցույց տվեց, թե ինչպես է գիտնականների ճանաչումն ու առաջխաղացումը հիմնվում թափանցիկության և հասարակական ազդեցության վրա՝ հրաժարվելով ավանդական վարկանիշներից ու ազդեցության գործոններից։
«Բանակցություններ հրատարակիչների հետ» (միայն EIFL երկրների մասնակիցների համար) Նիստի ընթացքում քննարկվեցին հեղինակավոր միջազգային հրատարակչությունների հետ համագործակցության պայմանները։ Առաջին օրվա ծրագրում ընդգրկված էին նաև խմբային լուսանկար, մասնակիցների միջև փորձի փոխանակում և մասնագիտական քննարկումներ։
Համաժողովը կշարունակվի հոկտեմբերի 1-2-ին։ Օրակարգում նախատեսված են քննարկումներ հեղինակային իրավունքի և կրկնակի հրապարակման իրավունքների, Diamond բաց հասանելի հրատարակությունների, Persistent Identifiers (PIDs) գործիքների կիրառման, ինչպես նաև արհեստական բանականության և թվային պահոցների արդի խնդիրների շուրջ։
EIFL-ի տարեկան համաժողովը կարևոր հարթակ է, որտեղ միավորվում են միջազգային գրադարանային և ակադեմիական համայնքների ներկայացուցիչները՝ գիտելիքի փոխանակման, համագործակցության ամրապնդման և բաց գիտության սկզբունքների զարգացման համար։