Հեռախոսահամար
ապր 21, 2025 Միջոցառումներ Հանրային դասախօսութիւններ
Ներառականությունը գրադարաններում․ ավելի քան հասանելիություն Ներառական գրադարանները հավատում են, որ գիտելիքը բոլորինն է։ Եվ երբ բոլորն ունեն հնարավորություն ընթերցելու, սովորելու ու զարգանալու՝ մենք ստեղծում ենք հասարակություն, որտեղ տարբերությունը ոչ թե խոչընդոտ է, այլ ուժ։ Ներառական գրադարանը միայն տեղեկատվության հասանելիության վայր չէ։ Այսպիսի գրադարաններն իրենց առաքելությունն են համարում ստեղծել միջավայր, որտեղ բոլորը կարող են օգտվել գրադարանի ռեսուրսներից՝ առանց խոչընդոտների։ «Գրադարանը ներառականության հարթակ» խորագրով հանրային դասախոսության ընթացքում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը խոսեց մի շարք կարևոր գործոնների մասին, որոնք անհրաժեշտ են այսօր ներառական գրադարան ունենալու համար։
Ինչու՞ է ներառականությունը կարևոր գրադարաններում Բոլոր մարդիկ՝ անկախ կարողություններից կամ սոցիալական պատկանելությունից, պետք է ունենան հավասար իրավունքներ՝ կարդալու, սովորելու և զարգանալու համար։ Ներառական գրադարանները օգնում են հաղթահարել կրթական և սոցիալական անջրպետները՝ ստեղծելով համայնքային կապեր։ Խոսելով ներառական գրադարանների մասին՝ Գայանե Գրիգորյանը խոսեց մի շարք առանցքային կետերի մասին։ Դրանք են՝
• Ֆիզիկական հասանելիություն Տարածքի հարմարեցում՝ սայլակների համար մատչելիություն, վերելակներ, լայն դռներ, հարմարեցված նստատեղեր։ • Շոշափելի նյութեր և ազդանշաններ Բրայլյան գրքեր, բարձր ռելիեֆով նշումներ, ուղղորդող գծեր՝ տեսողության խոչընդոտներ ունեցող անձանց համար։ • Աուդիո և տեսանյութեր տարբեր լեզուներով Տարբեր լեզուներով նյութերի առկայություն՝ ներառյալ ժեստերի լեզվով նյութեր լսողության խնդիրներ ունեցող անձանց համար։ • Մատչելի վեբկայքեր և էլեկտրոնային ռեսուրսներ Անհատների տեխնոլոգիական կարիքներին համապատասխանեցված կայքեր և թվային ծառայություններ՝ ընթերցողի մոտ կարողությունները սահմանափակված չլինեն։ • Մշակութային և կրթական միջոցառումներ՝ բոլորի համար Բազմազան մշակութային ծրագիր, որտեղ բոլոր տարիքային, լեզվական ու սոցիալական խմբերը իրենց տեղը կարող են գտնել։ • Հատուկ ծրագրեր տարբեր խմբերի համար Ծրագրեր երեխաների, տարեցների, սփյուռքի ներկայացուցիչների, կարիքավոր ընտանիքների և հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար։ • Աշխատակիցների վերապատրաստում Գրադարանի անձնակազմը մշտապես վերապատրաստվում է՝ ընդգրկող և բարեկամ միջավայր ապահովելու նպատակով։
Ներառականությունը ոչ թե հատուկ նախաձեռնություն է, այլ մտածողություն, որ բոլորն իրենց տեղն ունեն գրադարանում։ #ներառականգրադարան #մատչելիգիտելիք #գրադարանըբոլորիհամար #հավասարությանուժը