Հեռախոսահամար
մրտ 30, 2026 Նորութիւններ Նուիրատուութիւններ

Հայաստանի ազգային գրադարանը արտերկրի հայ համայնքների կողմից արված նվիրատվությունների շնորհիվ ևս շարունակում է համալրվել հայագիտական նոր արժեքավոր հրատարակություններով։ Օրերս «Դոնի Նախիջևանի հայ համայնք»-ի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովի նվիրատվությամբ գրադարան են մուտք գործել գրքեր և մամուլի նմուշներ, որոնք ներկայացնում են Դոնի Նախիջևանի հայ համայնքի պատմությունն ու մշակույթը։ Նվիրատվության մեջ ներառված է «Դոնի Նախիջևան» համայնքային թերթը, որը երկար տարիներ եղել է համայնքի հիմնական տեղեկատվական հարթակներից մեկը՝ լուսաբանելով մշակութային, կրթական և հասարակական կյանքը։ Կարևոր տեղ է զբաղեցնում նաև Վլադիսլավ Սմիրնովի «Летопись Нахичевани-на-Дону» աշխատությունը, որը համարվում է Դոնի հայերի պատմության ամենահիմնարար աղբյուրներից մեկը՝ ընդգրկելով հարուստ փաստագրական նյութ, կենսագրություններ և արխիվային տվյալներ։
«Карта Нахичевани на Дону» քարտեզ-ալբոմը ներկայացնում է քաղաքի պատմամշակութային պատկերը՝ ներառելով թաղամասեր, եկեղեցիներ, հուշարձաններ և պատմական տեղեկություններ։ «Мы землю эту Родиной зовём» (1989) հրատարակությունը մանկական երգերի նոտաների ժողովածու է, որը նախատեսված է դպրոցականների համար և ունի հայրենասիրական ուղղվածություն։ Ժամանակակից մոտեցում է ներկայացնում «Как создать армянскую молодежную организацию и не выгореть» ուղեցույցը, որը գործնական խորհուրդներ է տալիս երիտասարդական կազմակերպությունների ստեղծման, թիմային աշխատանքի և հոգեբանական կայունության պահպանման վերաբերյալ։
Նվիրատվությունը կարևոր ներդրում է գրադարանի ֆոնդերի հարստացման գործում և հնարավորություն է տալիս առավել ամբողջական պատկերացում կազմել Դոնի հայ համայնքի պատմության, մշակույթի և հասարակական կյանքի մասին։ Շնորհակալություն «Դոնի Նախիջևանի հայկական համայնք»-ին և Սերգեյ Սայադովին՝ արժեքավոր նվիրատվության և շարունակական համագործակցության համար։
