Звоните
ноя 19, 2025 Новости

Այսօր Հայաստանի ազգային գրադարանը հյուրընկալեց Վրաստանի Իլյա Ճավճավաձեի անվան ազգային գրադարանի պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Վրաստանի ազգային գրադարանի տնօրեն Կոնստանտին Գամսախուրդիան, գրադարանային ռեսուրսների վարչության ղեկավար Լևան Թաքթաքիշվիլին և գրացուցակավորման բաժնի ղեկավար Բեկա Ղաժոնիան։ Այցը նշանավորվեց հայ-վրացական գրադարանային և մշակութային համագործակցության ընդլայնման մի շարք կարևոր նախաձեռնություններով։
Միջոցառման առանցքային կետը Հայաստանի ազգային գրադարանի և Վրաստանի Իլյա Ճավճավաձեի անվան ազգային գրադարանի միջև Համագործակցության հուշագրի ստորագրումն էր։ Այս փաստաթուղթն ամրագրեց կողմերի պատրաստակամությունը՝ ընդլայնելու փոխգործակցությունը, կազմակերպելու փոխայցելություններ, իրականացնելու մասնագիտական փորձի փոխանակում և համատեղ ծրագրեր։ՀԱԳ Ընդհանուր ընթերցասրահում հանդիսավորությամբ բացվեց Վրացական գրականության անկյունը, որը կոչված է նոր հարթակ ձևավորելու երկու երկրների գրադարանների և մշակութային հաստատությունների միջև։
Հանդիպման շրջանակում տեղի ունեցավ նաև «Վրացական գրական ժառանգությունը Հայաստանի ազգային գրադարանում. 1783-2025 թթ.» խորագրով ցուցադրության բացումը։ Ցուցադրությունում ներկայացվեցին Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներում պահվող վրացերեն արժեքավոր հրատարակություններ և գրական թարգմանություններ։ Ցուցադրության նպատակն էր համապարփակ ներկայացնել Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներում առկա վրացական գրականությունը և շեշտել հայ-վրացական մշակութային կապերի պատմական կայունությունը և շարունակականությունը։ Այս հանդիպումը և ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր քայլ են Հայաստանի և Վրաստանի գրադարանների միջև կապերի ամրապնդման և մշակութային ժառանգության պահպանման ու տարածման գործում։
